News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Այս տարի Երեւանում շահագործման կհանձնվի շախմատի 5 դպրոց: Այս մասին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան կատարած աշխատանքային շրջայցի ժամանակ նշել է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Նա այցելել է կառուցվող շախմատի դպրոց, հետեւել իրականացվող աշխատանքների ընթացքին: Ներկայացնելով գործընթացի մանրամասները՝ պատասխանատուները քաղաքապետին զեկուցել են, որ աշխատանքներն ընթանում են սահմանված ժամանակացույցի համաձայն: Քաղաքապետը հանձնարարել է մշտական ուշադրության կենտրոնում պահել աշխատանքների որակի նկատմամբ հսկողությունն ու գործն ավարտել նախատեսված ժամկետներում: Շինարարական աշխատանքների ավարտից հետո այս դպրոցը եւս կկահավորվի համապատասխան գույքով: Պատասխանատուները վստահեցրել են, որ դպրոցի բացումով զգալիորեն կավելանա նաեւ շախմատասեր մանուկների եւ պատանիների թիվը: Հարկ է նշել, որ այս տարի մայրաքաղաքում ընդհանուր առմամբ շահագործման կհանձնվի 5 շախմատի դպրոց եւ որ կարեւոր է՝ դրանք եւս գործելու են անվճար:

Այնուհետ վարչական շրջանի ղեկավարի ուղեկցությամբ քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է նաեւ կառուցվող շախմատի դպրոցին հարակից թիվ 82 մանկապարտեզ, շրջել խմբասենյակներում, ծանոթացել փոքրիկների դաստիարակության ու խնամքի համար ստեղծված պայմաններին: Օգտվելով առիթից՝ մանկապարտեզի աշխատակիցները շնորհակալություն են հայտնել Երեւանի քաղաքապետին ցուցաբերվող մշտական ուշադրության ու հոգածության  համար՝ ընդգծելով, որ հատկապես նախակրթարանների անվճար գործելու որոշումն իսկապես սոցիալական կարեւոր նշանակություն ուներ: Քաղաքապետն էլ իր հերթին վստահեցրել է, որ մանկապարտեզներում իրականացվող ծրագրերը լինելու են շարունակական, եւ առաջիկա տարիներին փոքրիկ երեւանցիների  համար հարմարավետ պայմաններ կապահովվեն բոլոր մանկապարտեզներում:

Շրջայցի շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանը ծանոթացել է նաեւ վարչական շրջանի Ալ. Աճեմյանի անվան երաժշտական դպրոցում իրականացվող հիմնանորոգման աշխատանքների ընթացքին: Պատասխանատուները քաղաքապետին զեկուցել են, որ հիմնանորոգման ծրագրի արդյունքում կրթօջախի շուրջ 450 սաների համար կապահովվեն հարմարավետ պայմաններ: Հարկ է նշել, որ Երեւանի քաղաքապետարանի 2012 թվականի ծրագրերի շրջանակում ամբողջությամբ լուծվեց նաեւ այս երաժշտական դպրոցի ջեռուցման խնդիրը: Ծանոթանալով հիմնանորոգման աշխատանքների ընթացքին՝ Տարոն Մարգարյանը մեկ անգամ եւս վստահեցրել է, որ այս ծրագիրը եւս լինելու է շարունակական, եւ հարմարավետ պայմաններ են ապահովվելու Երեւանի բոլոր երաժշտական դպրոցներում: Շնորհակալություն հայտնելով Երեւանի քաղաքապետին մայրաքաղաքի կրթօջախների պայմանների բարելավմանն ուղղված ծրագրային հստակ քաղաքականության համար՝ երաժշտական դպրոցի տնօրենն էլ իր հերթին  ընդգծել է, որ ծրագիրն իսկապես սպասված էր ինչպես աշխատակազմի, այնպես էլ դպրոց հաճախող երեխաների ու նրանց ծնողների կողմից:

Տպել
Ամենաշատ