News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Քարվաճառի ազատագրման մարտերը գլխավորած գեներալ Սեյրան Սարոյանը կարծում է, որ Քարվաճառ մտնելը հեշտ է, դուրս գալն է դժվար: Նրա հետ հարցազրույցը՝ ստորեւ.

Որպես Քարվաճառի մարտերը առաջնորդած հրամանատար, կնշե՞ք այնտեղի մեր դիրքերի թույլ կողմերը։ Ըստ Ձեզ, ինչո՞ւ ադրբեջանական կողմը հենց այդ հատվածով է կարողանում թափանցել ԼՂՀ տարածք։

Բնակլիմայական պայմաններից ելնելով` Քարվաճառ մտնելը հեշտ է, բայց դուրս գալն է չափազանց դժվար, իսկ եթե հաշվի առնենք հայի ոգին, հայի հայրենասիրությունն ու նվիրվածությունը, ուղղակի անհնար է Քարվաճառ թափանցած դիվերսանտի համար բարեհաջող դուրս գալը: Քարվաճառ մտնողն ինքն իրեն դատապարտում է:

Վերջին օրերին հնչեցին կարծիքներ, որ Քարվաճառի սահմանագծում տեղանքի առանձնահատկության պատճառով հնարավոր չէ լիակատար վերահսկողություն սահմանել այդ հատվածում։ Կիսո՞ւմ եք այդ կարծիքը:

Ես կրկնեմ` Քարվաճառ մտնելը գուցե հեշտ է: Այդ տեսանկյունից մի փոքր դժվար է լիարժեք վերահսկողություն հաստատելը: Բայց բացառվում է, որ Քարվաճառի տարածք մուտք գործած խումբը չբացահայտվի եւ չվնասազերծվի: Մեր ժողովրդին կոչ եմ անում պինդ լինել, վստահել մեր բանակին, մեր տղաներին:

Հակառակորդի դիվերսիոն խումբը չեզոքացնելու հայկական կողմի գործողությունները ինչպե՞ս կգնահատեք։

Կարծում եմ` մեր տղաները բարձր պրոֆեսիոնալիզմ են դրսեւորել: Շատ լավ սերունդ է մեծանում: Մեր պատանիները, երիտասարդները պետք է դաստիարակվեն հենց դիվերսանտներին չեզոքացրած այս տղաների օրինակով: Այս տղաները, առանց չափազանցության, հերոսներ են:

Շատերը կասկածի տակ են դնում Քարվաճառ ներթափանցած ադրբեջանցիների դիվերսանտ լինելու հանգամանքը։ Հաշվի առնելով այն, որ նրանք առեւանգել եւ սպանել են 17-ամյա հայ պատանու, ինչպե՞ս պետք է վարվել նրանց հետ։

Կասկած չունենաք, որ ամեն մի նման դեպքի հայկական կողմը համարժեք պատասխան է տալիս: Մենք չենք կարող թույլ տալ, որ թշնամին հոռանա, մեծամտանա, կարծի, թե կարող է հակահայ արարքներ թույլ տալ եւ անպատիժ մնալ: Խիստ եւ անհանդուրժող պետք է լինենք թուրքի նկատմամբ:

Կարո՞ղ եք համառոտ պատմել՝ ինչպես ազատագրվեց Քարվաճառը։

Կային դժվարություններ, բարդություններ, որոնք հիմա չեմ կամենում հիշատակել: Հստակ էր մի բան` Քարվաճառը կարեւոր, վճռորոշ նշանակություն ունեցող դիրք էր, եւ մենք պարտավոր էինք այն ազատագրել:

Ասում են՝ Քարվաճառն ազատագրելուց հետո հայկական զինված ուժերը ստիպված են եղել երկու անգամ փոխել այդ հատվածով անցնող սահմանագիծը՝ որոշ դիրքեր զիջելով հակառակորդին։ Ինչպե՞ս է դա տեղի ունեցել։ Որո՞նք են եղել պատճառները։

Չի եղել նման բան: Պարզապես, մենք ազատագրեցինք Քարվաճառը, հետագայում զգացինք, որ հարող մի քանի դիրքեր էլ պետք է վերցնենք` հանգիստ ու ապահով լինելու համար: Թող թուրքերը լավ հիշեն, թե ոնց էինք բարձունք առ բարձունք, տարածք առ տարածք ազատագրում մեր հող հայրենին: Հիշեն, թե հայերն ինչ կռվողներ են ու իրենց խելոք պահեն: Թե չէ որ հերսոտեցինք չէ, Բաքու ենք մտնելու:

Տպել
Ամենաշատ