News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Երեւանի տրանսպորտային ընկերություններից մեկի՝ «Լյուդվիգ եւ որդի» ՍՊԸ-ի սեփականատիրոջ տունը պարտքերի պատճառով խլում են: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց Լյուդվիգ Պողոսյանը՝ հավելելով, որ գործն արդեն հասել է ԴԱՀԿ-ին:

Նրա խոսքով, երեւանյան տրանսպորտի ուղեվարձի ներկա 100 դրամ սակագնի պայմաններում այլ կերպ չէր էլ կարող լինել: «Օրերս ես հանդիպեցի Երեւանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանին եւ ամեն ինչ ասացի: Ես քաղաքապետարանին նաեւ այն ժամանակ եմ զգուշացրել, որ մենք բոլորս սնանկանալու ենք: Իսկ քաղաքապետարանն առանց այդ էլ ամեն ինչ հրաշալի գիտի: Բանկի դեմ իմ դատական գործի բոլոր փաստաթղթերի պատճենները տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի սեղանին են: Եվ ի՞նչ: Ոչինչ»,- հայտարարեց Պողոսյանը:

Ըստ նրա, քաղաքապետարանը պետք է իրեն աջակցի թեկուզ այն պատճառով, որ եթե պարտքերի պատճառով իր գույքը խլեն, եւ ինքը չկարողանա սպասարկել երթուղիները, ոչ ոք այլեւս չի գա եւ այդ գծերը չի սպասարկի 100 դրամով:

Լյուդվիգ Պողոսյանը նշեց նաեւ, որ դրանից մի քանի ամիս առաջ ինքը նոր ավտոբուսներ է ներմուծել երթուղիներից մեկի համար: «Ահա եւ իրականացավ ակտիվիստների երազանքը: Եվրոպական որակ էիք ուզում, ստացե՛ք: 100 դրամ էինք ուզում, խնդրե՛մ: Իսկ ես անտուն մնացի: Փորձեք այդ ակտիվիստներից որեւէ մեկից ոչ թե տուն, այլ կրակայրիչ վերցնել, ամբողջ քաղաքով մեկ կգոռան: Իսկ երթուղու տերերից վերցնել կարելի է: Ինչպես չէ: Չէ՞ որ նա օլիգարխ է, ժողովրդի թշնամի: Թող սատկի»,- հայտարարեց Պողոսյանը:

Հիշեցնենք, որ ապրիլի սկզբին Երեւանի քաղաքապետարանում կայացավ ուղեւորատար տրանսպորտի հարցերի հանձնաժողովի հերթական նիստը: Օտարերկրյա խորհրդատու Սերժի Թիոյի հետազոտության արդյունքների համաձայն, դիզելային վառելիքով տրանսպորտի ուղեվարձի ինքնարժեքը պետք է լինի 257 դրամ, գազով տրանսպորտինը՝ 206 դրամ:

Նշենք, սակայն, որ տրանսպորտի սակագնի թանկացումը բնակչության բուռն դժգոհությանն է հանդիպում, այդ թվում՝ երկրում տիրող սոցիալական իրավիճակի պատճառով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ