News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Գլխավոր դատախազության ներկայացուցիչը երեկ հրապարակայնորեն ընդունել էր, որ իր կառույցն իրապես խախտել է զոհված ազատամարտիկի այրու իրավունքը, սակայն միաժամանակ Օմբուդսմենի բացահայտած եւ հրապարակած խախտման մասին խոսելիս իրեն թույլ էր տվել մոլորեցնող եւ անպատշաճ դատողություններ: Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը:

Հայտարարությունում նաեւ ասվում է.

«Այդ պատճառով, հասարակությանը պարտավոր ենք պաշտպանել Գլխավոր դատախազության ոչ միայն խախտումներից, այլեւ ապատեղեկատվությունից:

Այսպես, Մարդու իրավունքների պաշտպանն իր բոլոր խախտման որոշումներում նշում է տվյալ խախտման փաստական հանգամանքները, իրավական հիմնավորումները, ինչպես նաեւ խախտող պետական մարմնին ուղղված իր կոնկրետ առաջարկները: Ըստ օրենքի` եթե խախտումը թույլ տված պետական մարմինը քսանօրյա ժամկետում չի կատարում Պաշտպանի առաջարկները, ապա Պաշտպանը հրապարակում է տվյալ խախտման որոշումը: Տվյալ դեպքում, ս.թ. հունիսի 20-ին Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը Գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին ուղարկել է խախտման որոշումը՝ իր երկու առաջարկներով. առաջին՝ տալ հանձնարարականներ՝ այսուհետ նմանատիպ դեպքերը բացառելու նպատակով, երկրորդ՝  կարգապահական պատասխանատվության ենթարկել խախտում թույլ տված պաշտոնատար անձանց: Ցավոք, Գլխավոր դատախազը պատշաճ չի կատարել այդ առաջարկները, իսկ դրանցից միայն մեկի մասնակի կատարման մասին նույնիսկ չի էլ իրազեկել Պաշտպանին:

Իրավական դաշտում անթույլատրելի էր շուրջ 4 ամիս չվերացնել կատարված խախտումը եւ միայն Պաշտպանի խախտման որոշումից (առ հունիսի 20) հետո Գլխավոր դատախազի հանձնարարականով (առ հուլիսի 3) սկսել մարդու խախտված իրավունքի վերականգնումը: Առավել եւս, որ ազատամարտիկի այրու իրավունքի խախտման մասին Օմբուդսմենը Գլխավոր դատախազին առաջին անգամ տեղեկացրել էր դեռեւս մարտի 20-ին:

Բարոյական դաշտում ավելի քան տարակուսելի է այն, որ Գլխավոր դատախազությունը թույլ է տվել մարդու իրավունքների կոպիտ խախտում, իմացել այդ մասին եւ չի ձեռնարկել պատշաճ քայլեր, իսկ այժմ էլ փորձում է հասարակությանը շեղել սեփական թերացումներից:

Հուսով ենք, որ Գլխավոր դատախազությունը հանրությանը հայտնի եւ անհայտ այլ գործերով կդրսեւորի բարոյական եւ իրավական առավել բարձր հատկանիշներ:

Տպել
Ամենաշատ