Ի պատասխան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահների կողմից հնչեցված բազմաթիվ կոչերի` Հայաստանը, ի տարբերություն Ադրբեջանի, շարունակաբար վերահաստատել է իր հավատարմությունը միջազգային իրավունքի սկզբունքների, մասնավորապես` ուժի եւ ուժի սպառնալիքի չկիրառման, ժողովուրդների իրավահավասարության եւ ինքնորոշման եւ տարածքային ամբողջականության սկզբունքների հանդեպ: Այս մասին հուլիսի 22-ին, Բրյուսելում Եվրոպական Միության եւ Արեւելյան գործընկերության արտգործնախարարների հանդիպմանն ունեցած իր ելույթում նշել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:
Նա ափսոսանք է հայտնել` Ադրբեջանում քաղաքական կամքի բացակայության առթիվ, որը դրսեւորվում է միջնորդների բոլոր առաջարկների շարունակական մերժմամբ:
«Մենք լիովին համամիտ ենք, որ ժողովուրդներին պետք է պատրաստել խաղաղության եւ ոչ թե պատերազմի: Ցավոք, Ադրբեջանը լիովին հակառակն է անում` իր ռազմատենչ եւ սադրիչ հռետորաբանությամբ, անհանդուրժողականության եւ ատելության քարոզով, որը Արցախի հետ շփման գծին եւ Հայաստանի հետ սահմանին հանգեցնում է տարածաշրջանում լարվածության եւ իրավիճակի սրման:
Մենք նաեւ բարձր ենք գնահատում ԵՄ կողմից տարբեր առիթներով Մինսկի խմբի համանախագահների ջանքերին արտահայտած ոչ երկիմաստ աջակցությունը, որոնք ուղղված են հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորմանը»,- հավելել է Է. Նալբանդյանը: