News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

2 օր առաջ ԱՎԾ-ն հրապարակեց 2014-ի առաջին կիսամյակի ՀՀ սոցիալ-տնտեսական իրավիճակը բնութագրող հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները։ Ըստ այդմ՝ ՏԱՑ–ը(տնտեսական աճի ցուցանիշը) 2014-ի առաջին կիսամյակին 2013-ի նույն ժամանակաշրջանի համեմատությամբ կազմել է 3.4%։ Սա ցածր ցուցանիշ է։ Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է նախկին վարչապետ. ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը:

«Նախորդ Կառավարության համապատասխան ցուցանիշը (ավելի ճիշտ ՀՆԱ-ն) 2014-ի առաջին եռամսյակի համար կազմել է 3.1%։

Այսպիսով, կոպիտ ասած, «առաջընթացը» սոսկ 0.3% է, իսկ (2014-ի) ՏԱՑ-ը (2013-ի) ՏԱՑ-ի հետ համեմատելիս՝ բացակայում է։ Բայց մ՞իթե կարելի է համեմատվել նախորդ Կառավարության հետ եւ ասել մի փոքր բարելավվել է վիճակը։ Նախորդը պարզապես թյուրիմացություն էր եւ 6 տարի թոզ էր փչում աչքներիս։ Առավել եւս, որ տնտեսության հիմնական ճյուղերում (արդյունաբերություն, գյուղատնտեսություն եւ շինարարություն) աճ համարյա թե չկա։ Արտահանումն աճել է 0.8, իսկ ներմուծումները 1.1%-ով։ Այստեղ էլ խնդիր կա. քանի անգամ խնդրել ենք ԱՎԾ-ին այս թվերը տալ նաեւ համադրելի գներով (չ՞է որ արտահանման ու ներմուծման դոլարային գները փոփոխվում են)։ Փոքրիկ դրական տեղաշարժ նկատվում է միայն ծառայությունների ոլորտում։

Իհարկե, ինչպես ասել եմ ավելի վաղ, նոր Կառավարության գործունեության առաջին, հստակ գնահատականները կարելի է տալ հոկտեմբերի վերջին, երբ նա գոնե մի կես տարի աշխատած կլինի եւ պարզ կլինի նաեւ, թե ԱԺ ներկայացվա՞ծ են այն օրենսդրական փոփոխությունները, որոնք խոստացվել են Կառավարության ծրագիրը հրապարակելիս։ Սակայն այսօր կարող եմ ասել. ավելին էինք սպասում։ Երեք ամսում Կառավարությունը 1-2 բարեփոխիչ քայլ է արել։ Օրինակ՝ սկսել են վերադարձնել զբոսաշրջիկների ԱԱՀ-ն։ Բայց սա պահանջվողի 1 տոկոսն էլ չէ։ Ին՞չ մի դժվար է աճեցնել այս երկրի տնտեսությունը։ Ահա ձեզ մի քանի հասարակ քայլ, որոնցից մի քանիսն, ի դեպ, կային նաեւ Կառավարության ծրագրում։

Առաջին՝ հավասար հարկային դաշտ բոլորի համար։ Երբ ասում ենք, որ փոքր ու խոշոր բիզնեսները հավասար են հարկվում, ապա պիտի հասկանանք, որ խոշորի մոտ մասշտաբի էֆեկտ կա եւ այն պետք է չեզոքացվի։ Միայն դրանից հետո դաշտերը կհավասարվեն։ Չի կարելի ընդունելի համարել հարկային համակարգի էպիզոդիկ կամ ֆրագմենտար փոփոխությունները։ Այն պետք է փոխվի ամբողջովին ու միանգամից։ Միկրոբիզնեսին այս կամ այն հարկատեսակով տեղային արտոնություն տալով մենք ոչ թե խնդիր ենք լուծում, այլ խորացնում ենք այն։ Եթե բիզնես չկա, ինչքան ուզում ես արտոնություն տուր։ Իսկ բիզնես չկա, որովհետեւ հարկային դաշտը (ընդհանուրը) հավասարապես բաշխված չէ։

Երկրորդ՝ ներդրումների ժողովրդականացում եւ պետական աջակցություն։ Հերիք է, որ այս երկրի զարգացման հենասյունը միայն խոշոր գործարարներն (դրսի եւ ներսի) ու բարերարները լինեն։ Երկիրը ժողովուրդը պետք է կառուցի։ Պետք է ապակենտրոնացնել ներդրումները։ Պետք է ներդրումային հիմնադրամների եւ ներդրումային բանկերի միջոցով երկրի զարգացմանը ներգրավել հարյուր հազարավոր, միլիոնավոր հայերի միջոցները։ Պետությունը պետք է օգնի ձեւավորելու կլաստերներ եւ երաշխավորի որոշ ռազմավարական ներդրումների նվազագույն եկամտաբերություն։

Երրորդ՝ բոլոր գերիշխող կամ մենաշնորհային դիրք ունեցող ընկերությունները, բանկերը, հեռախոսային օպերատորները, «Գազպրոմ Հայաստանը», ՀԷՑ-ը, Քաջարանը, Թեղուտը, Ագարակը, Ղափանը, Սիթին ու ՍԱՍ-ը եւ այլն պետք է լինեն ԲԲԸ կարգավիճակով եւ սակարկվեն ֆոնդային շուկայում։

Չորրորդ՝ ֆինանսական համակարգը պետք է ապապետականացվի, ԿԲ–ն պետք է դադարի անընդհատ փրկել այս կամ այն բանկին, եկամուտներ ապահովի բյուջեի համար։

Հինգերորդ՝ համայնքները, տեղական ինքնակառավարման մարմինները պետք է ունենան ամրագրված բավարար միջոցներ, չպետք է փող մուրան Երեւանից։

Այս ցուցակը կարելի հարյուրապատկել։ Ի՞նչը կամ ո՞վ է խանգարում այդ ամենն անելուն։ 90-ականների սկզբներին իրականացված ռեֆորմների շնորհիվ մի շարք տարիներ երկնիշ աճ ունեցանք։ Բայց վերականգնողական աճի ռեզերվները սպառվեցին 2007թթ։ Հիմա այլ մոտեցում է պետք։ Նախորդ Կառավարությունը սա չհասկացավ։ Իսկ նո՞րը»,- գրել է Բագրատյանը:

Տպել
Ամենաշատ