News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Անկախ հանցավոր անտարբերությունից եւ առկա խնդիրներից՝ ազատագրված Քարվաճառի շրջանում այսօր կա կայացած տեղական բնակչություն, նոր սերունդ, որոնք սերտ եւ ամուր թելերով կապված են այս հողի հետ, համարյա բոլոր գյուղերում ձեւավորված հայկական գերեզմանոցներ, արդեն ձեւավորվող տեղական ավանդույթներ. այս տարիների ընթացքում վերաբնակեցման գոտին կայացել է՝ որպես մարդկային եւ ազգային մեծ ներուժ ունեցող բնակչություն եւ տարածք: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Քարվաճառի բնակիչ Ալեքսանդր Քանանյանը:

«Քարվաճառցին այսօր շատ խնդիրներ ունի, որոնք հաղթահարելի են, սակայն շրջանում զգացվում է պետական աջակցության պակաս, այսինքն վերաբնակեցման խնդիր կա, իսկ վերաբնակեցման համար դեռ երկար ժամանակ բնակարանաշինությունից այլընտրանք չկա: Պետությունը պարտավոր է՝ ի դեմս ներկայիս իշխանության, վերսկսել տարիներ առաջ հանցավոր ձեւով կասեցված բնակարանաշինությունը՝ նոր մարդկանց ընդունելու հնարավորություն ստեղծելու համար: Իրականում եթե մտնեք քաղաքապետարան, կտեսնեք տասնյակ, հարյուրավոր դիմումներ այն երիտասարդ, արտագաղթել չցանկացող ընտանիքների, ովքեր ցանկանում են ապրել Քարվաճառում: Դրանք մեծ մասամբ զինծառայողների ընտանիքներն են: Նրանք բնականաբար 20-25 հազար ԱՄՆ դոլար չունեն, իսկ այդ պարտականությունը պետք է վերստին ստանձնի պետությունը»,- ասաց նա:

Ալեքսանդր Քանանյանը ազատագրված Քարվաճառի շրջանում մշտական բնակություն է հաստատել 2002 թվականից, մինչդեռ այնտեղ ապրելու ցանկություն հայտնել էր դեռ 1998 թվականին՝ Իտալիայում ուսումն ավարտելուց անմիջապես հետո: Սկզբնական շրջանում հեղափոխական հայացքներ ունեցող երիտասարդին շատ վատ ընդունեցին, վարչակազմն ամեն ինչ անում էր, որպեսզի անարդարությունների դեմ պայքարող երիտասարդը հեռանա իրենց շրջանից: Շուտով վարչակազմը հարմարվեց, իսկ բնակիչներն էլ սովորեցին իրենց ամենաչնչին խնդրով իսկ դիմել հենց Իտալիայում կրթություն ստացած Ալեքսանդր Քանանյանին. «Սկզբնական շրջանում եւ հիմա էլ հիմնական նպատակը ազատագրված հայկական հողում հայի ֆիզիկական ներկայություն ապահովելու պատկերացումն է, կարելի ասել նաեւ պարտքի զգացումը, որը միեւնույն ժամանակ զուգորդվում էր գեղեցկագույն բնության մեջ ապրելու իմ մանկական երազանքով: Փորձել եմ զբաղվել մի քիչ գրաբարի ուսուցմամբ, գիտությամբ»:

Այսօր Քանանյանը զբաղվում է շրջանի խնդիրներով, իսկ այդ խնդիրների համար իր համոզմամբ պատասխանատու են հենց Արցախյան իշխանությունները:

«Ներկայիս կառավարությունը, նախագահը նախընտրում են թանկանոց շենքեր կառուցել Ստեփանակերտում, եւ զբաղվում են ավելի բիզնեսով, քան պետական կառավարմամբ: Եթե նրանք մտածեին՝ որպես պետության ղեկավարներ, այլ ոչ թե քաջնազարյան բախտով համապատասխան տեղում հայտնված միջին ձեռքի եւ միջին մտահորիզոնի ձեռնարկատերեր, ապա վերաբնակեցումն այսքան խղճալի եւ խայտառակ վիճակում չէր հայտնվի: Այնուամենայնիվ, մենք երբեք այստեղից չենք հեռանալու, նման սցենար հնարավոր չէ»,- ավելացրեց նա:

Նշենք, որ ազատագրված Քարվաճառի շրջանում վերաբնակեցումը սկսվել է 1995 թվականից: Այստեղ ապրողները մեծ մասամբ Հայաստանից եւ Հյուսիսային Արցախից եկածներն են: Նրանք զբաղվում են հողագործությամբ, անասնապահությամբ, աշխատում զորամասերում, գյուղապետարաններում եւ դպրոցներում:

Տպել
Ամենաշատ