«Օֆշորի գործով» կալանավորված գործարար Աշոտ Սուքիասյանն այժմ փորձում է ապացուցել, որ իրեն Աֆրիկայում խաբել են. կան փասռտաթղթեր, որ հայ գործարարին «խաբած» աֆրիկացիների նկատմամբ այդ երկրում սանկցիա է կիրառվել եւ վերջիններս ձերբակալված են: Այս մասին NEWS.am-ին ասաց Աշոտ Սուքիասյանի փաստաբան Յուրիկ Խաչատրյանը:

«Նախաքննությունը ամենաքիչը երկու ամիս էր կձգձգվի, քանի որ արտասահմանյան երկրներ հարցումներ պետք է ուղարկել: Այս պահին մենք Աֆրիկայից ստացել ենք փաստաթղթեր, որոնք ուղարկել ենք թարգմանության, իսկ հետո կներկայացնենք քննչական մարմնին: Այդ փաստաթղթից երեւում է, որ Աշոտ Սուքիասյանին խաբել են. նրա հետ գործարք կատարած մարդկանց նկատմամբ դատարանը սանկցիա է կիրառել, ձերբակալվել են: Այլ մանրամասներ չեմ կարող հայտնել»,- ասաց նա:

Փաստաբանի խոսքով՝ կալանավորված գործարարը շարունակում է հարցաքննվել, ամեն օր ցուցմունք է տալիս, որից հետո արդեն առերեսում կլինի, եթե իհարկե անհրաժեշտություն լինի: Հարցին՝ արդյոք Յուրիկ Խաչատրյանը չի բողոքարկելու դատարանի որոշումը՝ խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ, վերջինս նշեց, որ ձեւական է դա լինելու եւ դիմումը մերժվելու է:

Նշենք, որ Աշոտ Սուքիասյանը կալանավորվել է հունիսի 19-ին՝ Վրաստանից Հայաստան արտահանձնվելուց անմիջապես հետո: Նա գտնվում է «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում, հարազատներին արգելված է տեսակցել գործարարին:

Հիշեցնենք, որ դեռ 2009թ. էկոնոմիկայի նախարարության շենքում նախարար Ներսես Երիցյանի մոտ ՀՀ այդ ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ հանդիպում-խորհրդակցություն էր կազմակերպվել 23 արդյունաբերական կազմակերպությունների ղեկավարների հետ, որի ժամանակ քննարկվել էր Ռուսաստանի՝ Հայաստանին տրամադրված 500 միլիոն դոլարի վարկը, որից 100 միլիոնը Ռուսաստանը պետք է տար ապրանքային տեսքով՝ ադամանդի հումքով։ Իսկ այդ 100 միլիոնի վարկը պետք է բաժանվեր այդ 23 կազմակերպությունների միջեւ, որպեսզի դրանք սկսեին աշխատել։ Գործարար Փայլակ Հայրապետյանն առաջարկել էր գրավադրել իր 33 մլն դոլար արժողությամբ իր ամբողջ անշարժ գույքը եւ «Ամերիաբանկը»-ից ստացված մոտ 10 միլիոն դոլարը տվել Աշոտ Սուքիասյանին, որն էլ վերցնելով գումարը՝ փախել էր երկրից: 2014թ. փետրվարին Աշոտ Սուքիասյանին հայտնաբերել էին Վրաստանում: