News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

NEWS.am-ն ընթերցողի ուշադրությանն է ներկայացնում Հայաստանի Իրանի Իսլամական հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մոհամմեդ Ռեիսի հետ հարցազրույցը:

Հայաստանի եւ Իրանի միջեւ հարաբերությունները երկար պատմություն ունեն. ավելի քան 20 տարի այս պետությունները հուսալի դաշնակիցներ են: Ինչպե՞ս եք գնահատում միջպետական հարաբերությունների ներկա մակարդակը:

Իրականում անկախությունից ի վեր Հայաստանի եւ Իրանի միջեւ լավ հարաբերություններ են հաստատվել: Հայաստանը միշտ պատրաստակամություն է հայտնել զարգացնել Իրանի հետ փոխգործակցությունը: Վերջերս նոր Կառավարության ձեւավորումից հետո նույնպես հարաբերությունները հաջողությամբ զարգանում են, բացի հեռախոսազրույցներից, նաեւ փոխայցելություններ են կայացել: Վստահ եմ, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանի կառավարման ընթացքում երկու երկրների հարաբերություններում դրական առաջընթաց կարձանագրվի: Ներկայում մենք պատրաստվում են միջկառավարական հանձնաժողովի 12-րդ նիստն անցկացնել, եւ ես վստահ եմ, որ այդ նիստի շրջանակում արդյունավետ աշխատանք կկատարվի: Նիստի անցկացման հստակ ժամկետները դեռեւս հայտնի չեն, բակց կարող եմ վստահաբար ասել, որ այն կկայանա այս տարվա ընթացքում:

Ինչպե՞ս կարելի է բնութագրել երկու երկրների տնտեսական փոխգործակցությունը, հատկապես՝ էներգետիկ անվտանգության ոլորտում:

Հաշվի առնելով ե՛ւ Իրանում, ե՛ւ Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունները, ես վստահ եմ, որ տնտեսական հարաբերությունները զարգանալու են: Էներգետիկ ոլորտում գոյություն ունեն մի շարք նախագծեր, որոնք իրականացման փուլում են, այդ թվում՝ բարձրավոլտ էլեկտրահաղորդիչների 3-րդ գծի շինարարությունը, Մեղրիի ՀԷԿ-ի կառուցումը, որը ֆինանսավորում է իրանական կողմը: Բնականաբար, այս ամենը մեծ դեր է խաղալու նաեւ Հայաստանի էներգետիկ անվտանգության ապահովման հարցում: Չնայած ես գոհ չեմ երկու երկրների միջեւ գոյություն ունեցող ապրանքաշրջանառության ցուցանիշներից. ապրանքաշրջանառությունը պետք է նվազագույնը երեք անգամ ավելի լիներ: Իհարկե, Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությունից հետո նոր հնարավորություններ են ստեղծվում, սակայն որոշ համաձայնագրերի ստորագրումից առաջ մենք պետք է ուշադրություն դարձնենք նաեւ այդ խնդիրներին: Մենք պետք է ազատվենք առեւտրի ոլորտում գոյություն ունեցող խոչընդոտներից, ինչպես, օրինակ, անհրաժեշտ է ընդունելի սակագների հաստատել, հարկավոր է ազատ առեւտրի գոտու մասին պայմանագիր ստորագրել: Այս ամենի շուրջ համաձայնություն դեռեւս չկա: Նշված խոչընդոտների վերացումից եւ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությունից հետո մեր հարաբերությունները կարող են ընդայնվել: Նշված խոչընդոտներն իրանցի գործարարներին չեն խրախուսում ներդրումներ կատարել կամ Հայաստանի ապրանքներ արտահանել:

Ի՞նչ փուլում է Մեղրիի ՀԷԿ-ի շինարարությունը:

Վերջերս Հայաստան այցելեց Իրանի էներգետիկայի փոխնախարարը, եւ այդ հարցը նույնպես քննարկվեց: Վստահ եմ, որ Հայաստանի էներգետիկայի նախարար Երվանդ Զախարյանի՝ առաջիկայում Իրան նախանշված այցի շրջանակում կքննարկվեն նաեւ այդ ծրագրի մանրամասներն ու փոփոխությունները, որոնք պետք է կատարվեն, եւ նախագիծը կսկսի իրականացվել:

Ի՞նչ աշխատանքներ են արդեն արվել Իրան-Հայաստան երկաթուղու շինարարության ուղղությամբ:

Ինչպես հայտնի է, Իրանի երկաթուղին հայ-իրանական սահմանից ընդամենը 60 կմ հեռավորությամբ է գտնվում, այսինքն՝ հարկավոր է կառուցել եւս 60 կմ, եւ երկաթուղին կհասնի մինչեւ Հայաստանի սահման: Եթե հայկական կողմը սկսի իր տարածքում երկաթուղի կառուցել, մենք խոստացել ենք, որ անհապաղ մեր տարածքում կսկսենք շինարարությունը: Հայկական կողմի գնահատականներով, երկաթուղու կառուցման համար ավելի քան 3 մլրդ դոլարի ներդրում է անհրաժեշտ, որպեսզի այն հասնի հայ-իրանական սահմանին: Մեզ համար շատ կարեւոր է հայկական եւ իրանական երկաթուղիների միավորումը. բացի տնտեսական մեծ նշանակությունից, այն նաեւ մեծ ռազմավարական նշանակություն է ունենալու: Այդպիսով, Պարսկական ծոցի երկաթուղին կմիանա Սեւ ծովին: Այդ չափազանց կարեւոր նախագիծ է ոչ միայն երկու երկրների, այլեւ մի շարք այլ պետությունների համար: Մենք պատրաստակամ ենք, որպեսզի Թեհրանում միջկառավարական հանձնաժողովի առաջիկա նիստի ժամանակ մասնագետները քննարկեն այդ նախագիծը:

Երկու երկրների հարաբերություններում որեւէ փոփոխություն հնարավո՞ր է Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունից հետո:

Բոլոր դեպքերում այդ դրական ազդեցություն է ունենալու, քանի որ մի կողմից՝ Իրանը 75 միլիոնանոց շուկա է, մյուս կողմից՝ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության դեպքում ստեղծվելու է 200 միլիոնանոց շուկա, ինչը դրական դեր է խաղալու առեւտրի եւ ապրանքաշրջանառության հարցում: Իհարկե, հարկավոր է հաշվի առնել, որ մինչ պետք է պայմանագրային-իրավական դաշտ ստեղծել, հակառակ դեպքում՝ կարող են խնդիրներ առաջանալ:

Պարոն դեսպան, ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարներ տեսնո՞ւմ եք՝ հաշվի առնելով Բաքվի ռազմատենչ հռետորաբանությունը եւ վերջին շրջանում սահմանին լարված իրավիճակը:

Բոլորի համար հասկանալի է, որ ղարաբաղյան հիմնախնդիրը շատ բարդ հարց է: Իրանը միշտ հանդես է եկել միջազգային սկզբունքների հիման վրա հակամարտության խաղաղ կարգավորման օգտին: Իհարկե, տարածաշրջանային խնդիրները տարածաշրջանային լուծում ունեն: Ես կարծում եմ, որ ղարաբաղյան հակամարտության լուծման միակ ուղին խաղաղ բանակցություններն են: Բախումներով եւ լարված իրավիճակ ստեղծելով խնդիրները չեն լուծվում: Իրանը միշտ հայտարարել է, որ պատրաստ է նպաստել խնդրի խաղաղ կարգավորմանը, եթե կողմերը դիմեն իրեն:

Հաշվի առնելով Իրանի միջուկային ծրագրի շուրջ վերջին գործընթացները, ինչպես նաեւ լարվածության թուլացումը, կարելի՞ է, արդյոք, ասել, որ խնդիրը մոտ է կարգավորմանը:

Անձամբ ես կարծում եմ, որ եթե խնդիրը չքաղաքականացվի, իսկ Արեւմուտքը մի կողմ թողնի իր մաքսիմալիստական ձգտումները, մենք կարող ենք լուծել խնդիրը: Իրանը Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի անդամ է: Եթե բանակցություններն անցկացվեն այդ պայմանագրի շրջանակում, այսինքն՝ իրավական եւ տեխնիկական տեսանկյունից, ապա խնդիրը լուծելի է: Ցավոք, որոշ երկրների մաքսիմալիզմը խոչընդոտ է հանդիսանում խնդրի արագ կարգավորման համար: Իրանը երբեք միջուկային զենք ստեղծելու ծրագրեր չի ունեցել: Իրանը միշտ պատրաստակամություն է հայտնել իր միջուկային գործունեությունն ամբողջությամբ թափանցիկ դարձնել: Իրանն աշխարհում առաջին երկիրն է, որը միջազգային համաժողով է կազմակերպել Մերձավոր Արեւելքում եւ ամբողջ աշխարհում միջուկային զենքը բացառելու թեմայով: Եվ, ընդհանուր առմամբ, զանգվածային ոչնչացման զենքի արտադրությունը մեզ համար անընդունելի է կրոնական տեսանկյունից:

Զրուցեց՝ Տաթեւիկ Ղազարյանը

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դեսպանը Հայաստանն անվանել է «Իրանի շնչուղին դեպի հյուսիս»
Դեսպանը պարզաբանեց, որ Իրանը Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես երեք միլիոնանոց շուկա, այլև որպես հարթակ...
Հայաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառությունը մի քանի տարիների ընթացքում աճել է 2-3 անգամ. դեսպան
Դիվանագետն ասաց, որ Իրանն ու Հայաստանը լավ պայմանավորվածություններ են ձեռք բերել փոխադրումների ոլորտում...
Դեսպանը հայտարարել է իրանական երկու պատվիրակությունների Հայաստան կատարելիք այցի մասին
Այս այցի ընթացքում հնարավոր կլինի․․․
Իրանի դեսպանը մեկնաբանել է Եվրահանձնաժողովի ղեկավարի և ԱՄՆ պետքարտուղարի հետ Փաշինյանի բրյուսելյան հանդիպումը
Մենք լավ, ռազմավարական հարաբերություններ ենք հաստատել Հայաստանի հետ
Իրանի դեսպան. Թեհրանը հարևանների անվտանգությունն իր անվտանգությունն է համարում
Մենք դժգոհ ենք տարածաշրջանում լարվածության հնարավոր աճի
Նախարար. Իրանը զգալի աջակցություն է ցուցաբերել Հայաստանին Ինժեներական քաղաքի կառուցման գործում
Նա շնորհակալություն հայտնեց Հայաստանում Իրանի դեսպանին
Ամենաշատ