«Հայաստանի նոր քաղաքական մշակույթ» կուսակցության ղեկավար Անի Զախարյանն առաջարկում է աղջիկներին կամավոր սկզբունքներով ծառայել բանակում։ Այս մասին այսօր հուլիսի 25-ին լրագրողներին ասաց Անի Զախարյանը՝ ներկայացնելով իր մշակած օրենսդրական նախագիծը, որն աշնանը ներկայացնելու ԱԺ խմբակցություններին։
«Ես ինքս երիտասարդ կին եմ, բայց պատանեկան տարիներին երազում էի բանակում ծառայել, ես այնպիսի անհատականություն էի, որ իմ մեջ տեսնում էի այդ պոտենցիալը։ ՀՀ զինծառայության մասին օրենքում ժամանակն է փոփոխություններ մտցնել, որպեսզի 18 տարին լրացած յուրաքանչյուր աղջիկ կամավոր սկզբունքներով կարողանա ծառայել հատուկ աղջիկների համար ստեղծված բանակում։ Ես կարծում եմ, որ սրա հրամայանականը նույնպես կա եւ այս օրենսդրական փոփոխությունը ես նույնպես պիտի ներկայացնեմ»,-ասաց կուսակցության ղեկավարը։
Անի Զախարյանը նաեւ ԱԺ խմբակցություններին առաջարկելու է օրենք մշակել, որով կարգելվի հղիության արհեստական ընդհատումը, փոփոխություններ կատարել «Կենսաապահովման նվազագույն զամբյուղի եւ կենսաապահովման նվազագույն բյուջեի մասին» օրենքում, նաեւ առաջարկելու է մշակել օրենք, որով կփոփոխվի թեկնածուի կողմից 8 մլն դրամ գումարի գրավադրումը։
Լրագրողների հարցին, թե ինչ գործունեություն է իրականացրել ՀՆՔՄ-ը 1 տարվա ընթացքում Անի Զախարյանը պատասխանեց. «Բաց չենք թողել ոչ մի հանրահավաք, ազատամարտիկներին ենք սատարել, լուրջ սատարել ենք անապահով ընտանիքների երեխաներին, առողջ ապրելակերպին նվիրված լուրջ ծրագրեր ենք մշակել եւ ֆեյսբուքյան ամենօրյա գրառումներով քաղաքացի ենք ձեւավորում»։