News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Դավթաշեն վարչական շրջանում, այսօր՝ հուլիսի 25-ին, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է բարեգործական ճաշարանի բացմանը: Քաղաքապետարանի, մասնավորապես՝ Դավթաշեն վարչական շրջանի աշխատակազմի եւ «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպության համագործության արդյունքում նորաբաց ճաշարանը կսպասարկի շուրջ 55 շահառուի: Հարկ է նշել, որ Երեւանի 10 վարչական շրջաններում այսօր գործում է  բարեգործական 19 ճաշարան, որոնցից օգտվում են շուրջ 2400 շահառուներ: Պատասխանատուները քաղաքապետին զեկուցել են, որ «Առաքելություն Հայաստան»-ի հետ համագործակցության արդյունքում նմանատիպ բարեգործական ճաշարաններ են կազմակերպվել վեց վարչական շրջաններում, որտեղ ճաշից բացի մատուցվում են նաեւ տարաբնույթ սոցիալական ծառայություններ. տեղերում ցուցաբերվում է առաջնային բժշկական օգնություն, կազմակերպվում են ժամանցային, մշակութային միջոցառումներ, էքսկուրսիաներ: Դավթաշենի բարեգործական ճաշարանի վերանորոգման աշխատանքների մասով էլ զեկուցվել է, որ ծախսվել է շուրջ 2.200.000 դրամ, որից 600.000-ը տրամադրվել է Երեւանի համայնքային բյուջեից:

Վարչական շրջանի ղեկավարի եւ կազմակերպության նախագահի ուղեկցությամբ քաղաքապետը շրջել եւ ծանոթացել է ճաշարանում ստեղծված պայմաններին, զրուցել շահառուների հետ: Օգտվելով առիթից՝ տարեց երեւանցիներն իրենց շնորհակալությունն են հայտնել Տարոն Մարգարյանին մշտական հոգածության ու սոցիալական ծրագրերին ցուցաբերվող  աջակցության համար: Երեւանի քաղաքապետն էլ մեկ անգամ եւս վստահեցրել է որ քաղաքապետարանը միշտ պատրաստակամ է իր լիազորությունների շրջանակում աջակցելու սոցիալական կարեւորագույն նշանակություն ունեցող բարեգործական բոլոր նախաձեռնություններին. «Ընդհանուր առմամբ, Երեւանի քաղաքապետարանի տարեկան ծրագրերի շարքում մեր կողմից առանձնակի կարեւորվել ու կարեւորվելու են սոցիալական ուղղվածության նպատակային ծրագրերը, որոնք որոշակիորեն կարող են թեթեւացնել սոցիալապես անապահով ու խոցելի խմբերի մեր քաղաքացիների բեռը: Եվ ընդհանրապես, սոցիալական ուղղվածության մեր բոլոր ծրագրերը լինելու են շարունակական, հատկապես հաշվի առնելով, որ դրա անհրաժեշտությունը դեռեւս կա: Սոցիալական ուղղվածության որոշ ծրագրերի իրականացման շրջանակում մենք համագործակցում ենք նաեւ տեղական եւ միջազգային մի շարք կազմակերպությունների հետ եւ, մասնավորապես բարեգործական ճաշարանների գործունեության հետ կապված, որոշ դեպքերում նաեւ համաֆինանսավորում ենք դրանց աշխատանքների կազմակերպումը: Անշուշտ, շնորհակալ ենք բոլոր այն կազմակերպություններին, ովքեր իրականացնում են այս անչափ կարեւոր առաքելությունը, սակայն թե՛ որպես Երեւանի քաղաքապետ եւ թե՛ որպես ուղղակի հայ մարդ, ինձ համար շատ ավելի ցանկալի կլիներ, որ նման օժանդակության կարիք ընդհանրապես չունենայինք եւ հույս ունեմ, որ մենք մի օր իրոք այդ աջակցության կարիքն այլեւս չենք ունենա»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ