News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Վերնիսաժում մայիսի 17-ին հնչած կրակոցներից վիրավորված, այնուհետեւ կալանավորված Վալերի Հովհաննիսյանի հարազատները փորձում են ի նպաստ իրենց հասարակական կարծիք ձեւավորել, սակայն մոռանում են, որ դեպքի ականատեսներն անմիջապես վկայություն են տվել եւ հայտնել, թե այդ օրն ինչ առնչություն է ունեցել Գոռ Առաքելյանը Վալերի Հովհաննիսյանի հետ։ NEWS.am-ի հարցմանը ի պատասխան ասաց նույն գործով կալանավորված, հինգ անձի վիրավորած Գոռ Առաքելյանի փաստաբան Երեմ Սարգսյանը։

«Գոռ Առաքելյանի պաշտպանությունը ստանձնելուց հետո փորձել եմ հնարավորինս քիչ խոսել այդ գործի վերաբերյալ, քանի որ լրատվամիջոցներով արդեն իսկ գործի բազմաթիվ հանգամանքներ ներկայացվել էին եւ որոշակի առումով լուսաբանվել էին դեպքի հանգամանքները, թե ինչն է եղել այդ դեպքի պատճառը, ով, այդ թվում` Վալերի Հովհաննիսյանն ինչ գործողություններ է կատարել: Սակայն վերջին շրջանում Վալերի Հովհաննիսյանի հարազատների կողմից շատ ակտիվ կերպով փորձ է արվում տպավորություն ստեղծել, թե նա այդ դեպքի ժամանակ բացարձակապես ոչինչ չի արել, որ նա տուժող է եւ այլն, ինչը չի համապատասխանում իրականությանը: Վալերի Հովհաննիսյանի հարազատները շարժվում են. «Լավագույն պաշտպանությունը հարձակումն է» սկզբունքով: Այսինքն, քանի որ լավ գիտակցում են, թե դեպքի ժամանակ ինչ ակտիվ գործողություններ է կատարել Վալերի Հովհաննիսյանը, թե ինչքան ագրեսիվ եւ անհանդուրժող է եղել, թե ինչ է կատարել Գոռ Առաքելյանի նկատմամբ նրա կնոջ եւ 2 տարեկան երեխայի ներկայությամբ այն ողջ ընթացքում, երբ Գոռ Առաքելյանը հենց սկզբից խնդրել է, որ թույլ տան, որ կնոջն ու երեխային տուն բարձրացնի եւ դրանից հետո խոսեն, դրա համար էլ փորձում են ներկայացնել, որ նա ոչինչ չի արել, այլ ընդամենը ներողություն է խնդրել ճանապարհը փակելու համար եւ նստել է ավտոմեքենան, որ բացի ճանապարհը, սակայն Գոռն այդ «անմեղ» տղայի ուղղությամբ կրակոցներ է արձակել: Շատ լավ է, որ Վալերի Հովհաննիսյանի հարազատները գիտեն, թե այդ իրավիճակում իրականում ինչպես պետք է նա վարվեր, որ ներողություն պետք է խնդրեր, սակայն շատ վատ է, որ դրա փոխարեն իրեն այդքան ագրեսիվ է պահել: Եթե տպավորություն են ուզում ստեղծել, թե Վալերի Հովհաննիսյանը նստել է ավտոմեքենան, որ գնա, թող արդար խոսեն նաեւ այն մասին, թե ինչ է արել Վալերի Հովհաննիսյանը, երբ Գոռը հարվածներ ստանալուց հետո նստել է ավտոմեքենան, որ կնոջն ու երեխային հեռացնի, թե ինչպես է եղել, որ Գոռը նորից դրսում է հայտնվել եւ ում շնորհիվ»,- ասաց նա։

Փաստաբանի խոսքով՝ Վալերի Հովհաննիսյանի հարազատների կողմից հատուկ մարտավարություն է նաեւ ԱԺ պատգամավոր Կարո Կարապետյանին այս ամենի մեջ ներքաշելը. «Երբ հասարակ քաղաքացին լսում է, որ ԱԺ պատգամավորը ճնշումներ է գործադրում Վալերի Հովհաննիսյանի եւ նրա հարազատների նկատմամբ, որ սպառնում է նրանց, ստիպում է, որ Վալերի Հովհաննիսյանն այնպիսի ցուցմունքներ տա, որ պարզվի, թե իբր Գոռ Առաքելյանն ինքնապաշտպանություն է գործել, ինչպես ներկայացնում են Վալերի Հովհաննիսյանի հարազատները, ապա անմիջապես բացասական էմոցիաներ է ունենում եւ բնազդաբար, այդ չակերտավոր անարդարության դեմ պայքարելու համար դրական է տրամադրվում Վալերի Հովհաննիսյանի նկատմամբ: Այսինքն Վալերի Հովհաննիսյանի հարազատները փորձում են իրենց ի նպաստ հասարակական կարծիք ձեւավորել: Սակայն այդ հնչեղ հայտարարությունները պետք է հիմք ունենան: Չէ որ ականատես վկաներն արդեն իսկ ցուցմունքներ տվել են եւ հայտնել են, թե դեպքի ժամանակ ով ինչ է արել, ինչ հատուկ անհրաժեշտություն կա, որ հենց Վալերի Հովհաննիսյանը ցուցմունք տա, որ մի բան էլ նրան սպառնան, որ ցուցմունք տա: Նրանց ասածի մեջ միակ իրականությունն այն է, որ այդտեղ առկա են նաեւ անհրաժեշտ պաշտպանության հատկանիշներ: Ի վերջո պետք չէ այդքան խեղճ, անմեղ եւ անպաշտպան ձեւանալ: Հարկ է նշել, որ մենք հավաստի տեղեկություններ ունենք, որ Վալերի Հովհաննիսյանի ՌԴ-ում ազատազրկման է դատապարտված եղել ծանր հանցագործության կատարման համար։ Նույնիսկ տեղեկություններ են շրջանառվում, որ նա նախքան դեպքը ցանկացել է «օրենքով գող» կարգվել, իսկ դա շատ բանի մասին է խոսում եւ կոնկրետ վարքագիծ է թելադրում»:

Անդրադառնալով կալանավորվածի մոր հայտարարություններին, որ Գոռ Առաքելյանի հետ դեպքի ժամանակ մեկ այլ տղա է եղել, որին խնամքով թաքցնում են, ապա դա, ըստ Երեմ Սարգսյանի, նույնպես բացարձակ իրականությանը չի համապատասխանում: «Սա եւս մի մարտավարական քայլ է, որը կատարվում է Վալերի Հովհաննիսյանի հարազատների կողմից: Նպատակն այն է, որ ցույց տրվի, թե իբր Վալերի Հովհաննիսյանն մեկ ուրիշ անձի հետ է խոսելիս եղել, հետեւաբար ընդհանրապես Գոռի հետ չի առնչվել, սակայն այդ հաշվարկները սխալ են, քանի որ, ինչպես նշեցի, դեպքի վայրում բազմաթիվ ականատես վկաներ են եղել, որոնք դեպքից անմիջապես հետո ցուցմունքներ են տվել եւ եթե Գոռի հետ որեւէ այլ անձ եղած լիներ, ապա ականատեսները նույնպես կասեին այդ մասին, սակայն նման բան չեն ասել, փոխարենը հայտնել են, թե Վալերին ինչ առնչություն է ունեցել Գոռի հետ»,- ավելացրեց նա։

Նշենք, որ Վալերի Հովհաննիսյանի մայրը պնդում է, որ Կարո Կարապետյանը ճնշում է գործադրում իրենց վրա՝ պահանջելով, որ Վալերի Հովհաննիսյանը ցուցմունք տա եւ հայտնի, թե Գոռ Առաքելյանը ինքնապաշտպանության է դիմել դեպքի օրը։

Հիշեցնենք, որ ըստ նախնական վարկածի՝ 2014 թ.-ի մայիսի 17-ին «Վերնիսաժի» ավտոկայանատեղիում վիճաբանություն է տեղի ունեցել Գոռ Առաքելյանի եւ Ռուսաստանից նոր վերադարձած Վալերի Հովհաննիսյանի ու նրա ընկերոջ՝ Ներսես Մելքոնյանի միջեւ։ Գոռ Առաքելյանն անկանոն կրակ է բացել, ինչի հետեւանքով 5 մարդ վիրավորվել է, այդ թվում՝ Վալերի Հովհաննիսյանն ու Ներսես Մելքոնյանը, պատահական 3 անցորդ։ Գոռ Առաքելյանը, Վալերի Հովհաննիսյանն ու Ներսես Մելքոնյանը կալանավորված են։

Տպել
Ամենաշատ