Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի` 27-ամյա Կարեն Եսայանի սպանության համար 15 տարվա ազատազրկման դատապարտված Հարություն Սարգսյանի մայրը՝ Անահիտ Նիկոլյանը, այսօր՝ հուլիսի 26-ին Երեւան էր եկել նախագահ Սերժ Սարգսյանին հանդիպելու նպատակով։ Ծիծեռնակաբերդում ռազմական բուհերի լեյտենանտներին սպայական վկայականների հանձնման արարողությունից հետո տիկին Անահիտը մոտեցավ նախագահին եւ խնդրեց իր հսկողության տակ վերցնել որդու գործով Վերաքննիչ դատարանում շարունակվող դատական գործընթացը՝ որպեսզի արդար վճիռ կայացվի։
«Նախագահն ասաց, որ ինքն իրավունք չունի միջամտելու դատական գործընթացին, սակայն խոստացավ հետեւել դատաքննությանը»,-NEWS.am-ին նախագահի հետ զրույցի բովանդակությունը փոխանցեց Անահիտ Նիկոլյանը՝ նշելով,որ Վերաքննիչ դատարանից առանձնապես ակնկալիքներ իրենք չունեն, քանի, որ վստահ են, որ վճիռն արդեն կայացված է, ինչպես առաջին ատյանի դատարանի որոշման դեպքում էր։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ 2013թ. ապրիլի 12-ին Գյումրիում սպանվել է այն ժամանակ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուն` 27-ամյա Կարեն Եսայանը, որն ապրիլի 13-ին պետք է նշանվեր քաղաքապետի դստեր հետ: Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը սպանության համար մեղավոր է ճանաչել եւ 15 տարվա ազատազրկման դատապարտել Անիի նախկին ոստիկանապետ Սամվել Սարգսյանի որդուն՝ Հարություն Սարգսյանին։ Ըստ մեղադրական եզրակացության, նա խանդի հողի վրա է կատարել սպանությունը։ Սարգսյանները պնդում են, որ իրենց որդին անմեղ է, իսկ դատավճիռն` անարդարացի: Նրանք առաջին ատյանի դատարանի որոշումը բողոքարկել են Վերաքննիչ դատարանում։