News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը, որը մայիսի 16-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ում այցելել է հայտնի դերասան Վարդան Պետրոսյանին, մինչեւ օրս միջոցներ է փնտրում դերասանին «Դատապարտյալների հիվանդանոց» տեղափոխելու համար, սակայն չի գտնում: Անազատության մեջ գտնվող դերասանի քույրը՝ Աշխեն Պետրոսյանը NEWS.am-ի հետ զրույցում ներկայացրել է իր տեսակետը ընթացող դատավարության, Հակոբյաններ-Պետրոսյաններ հակամարտության, չկայացած հաշտության մասին:

Տիկին Պետրոսյան, ինչպե՞ս եք գնահատում ընդհանուր դատական պրոցեսը, հատկապես որ այն անցնում է լարված մթնոլորտում, վիրավորանքների, մինչեւ անգամ անեծքների ուղեկցությամբ:

Իմ կարծիքով, այս դատավարությունը վաղուց պետք է ավարտված լիներ: Ինձ համար անհասկանալի է, թե ինչո՞ւ է անզգույշ պատահարի մեջ մեղադրվող Վարդան Պետրոսյանն այսքան երկար ժամանակ գտնվում կալանքի տակ, ինչպես նաեւ անհասկանալի է, թե ինչպես է պատահել, որ Վարդանը «Դատապարտյալների հիվանդանոց»-ից «Նուբարաշեն» է տեղափոխվել տուժողների բողոքի հիման վրա: Ոչինչ չէր խանգարում, որ Վարդան Պետրոսյանը գտնվեր ազատության մեջ, ստանար անհրաժեշտ իր բուժումները, իսկ դատավարությունը գնար իր բնականոն հունով: Վարդան Պետրոսյանը ո՛չ կփախչեր եւ ո՛չ էլ կխոչընդոտեր գործի քննությանը: Վարդան Պետրոսյանն իր կյանքի նպատակն է համարում հայ ժողովրդին ծառայելը, հետեւաբար իրեն կալանքի տակ պահելը համարում եմ սխալ եւ ոչ արդար իր հանդեպ:

Ինչ վերաբերվում է դատավարության ընթացքին, ապա կարող եմ բազմաթիվ փաստեր ներկայացնել, որ դատավարությունն ընթանում է միակողմանի, դատավորն ակնհայտորեն պաշտպանում է տուժողների շահերը եւ, օգտագործելով իր դիրքը, ամեն ինչ անում է, որ չբացահայտվի ճշմարտությունը: Ներկայացնեմ մեկ օրինակ. վերջին դատավարության ժամանակ, երբ հարցաքննում էին հրշեջ ծառայության աշխատակից Վռամ Վարդանյանին, նա հայտնեց, որ իրենք վթարից անմիջապես հետո ժամանել են դեպքի վայր, եւ երբ ավտոմեքենաները տեղափոխել են Եղվարդ քաղաքի ոստիկանության տուգանային հրապարակ, իրենք լվացել են ճանապարհի երթեւեկելի մասը եւ բանուկ մասում թափված ապակիներն ու պլաստմասե բեկորները լցրել են աբոչինա (կողնակ): Որից հետո` դեպքի հաջորդ օրը, քննիչ Հայկարամ Հակոբյանը կատարել է դեպքի վայրի լրացուցիչ զննություն եւ գծագրում արձանագրել է բանուկ մասից դեպի կողնակ լվացման արդյունքում տեղափոխված ապակիները եւ պլաստմասե բեկորները՝  նույն արձանագրության մեջ նշելով, որ այդ նույն տեղում է կատարվել բախումը, որի հիման վրա էլ դատաավտոտեխնիկ փորձագետները տվել են իրենց եզրակացությունը, եւ նույն քննիչը Վարդանին մեղադրանք է առաջադրում, որ նա ճանապարհի երթեւեկելի մասից դուրս է եկել դեպի կողնակ: Այդ նույն վկային տուժողների ներկայացուցիչ Ռ. Բալոյանը, ցույց տալով դեպքի վայրի լուսանկարը, հարցնում է, թե որտե՞ղ են թափված եղել ապակիները եւ պլաստմասե բեկորները մինչեւ իրենց կողմից ճանապարհը լվանալու պահը: Վկան նկարի վրա մատնացույց է անում այդ վայրը, իսկ մեր պաշտպանը պահանջում է բարձրաձայն նշել այդ տեղը, քանի որ դատական նիստը միայն ձայնագրվում է: Դատավորն ինքը շահագրգռված պետք է լիներ, որ վկայի կողմից մատնացույց արած վայրը արձանագրվեր, սակայն նա փոխանակ վկայից պահանջի, որպեսզի նա բարձրաձայն նշի իր մատնացույց արած տեղը, պահանջում է, որ Վարդանի պաշտպանը նստի իր տեղում, եւ հարցաքննության ավարտին իրեն կտրամադրվի լուսանկարը: Ակնհայտ էր, որ դատարանը չէր ուզում, որ Վարդանի պաշտպանը տեսնի, թե որտեղ է մատնացույց անում վկան, քանի որ վկան մատնացույց էր անում բանուկ մասի այն տեղը, որտեղ թափված էին ապակիները եւ պլաստմասե բեկորները, որտեղ էլ իրականում տեղի է ունեցել վթարը: Անաչառ դատավորն, ընդունեք, նման վարքագիծ չէր դրսեւորի:

Ինչ վերաբերվում է վիրավորանքներին եւ անեծքներին, ապա այդ մասին ես չեմ էլ ուզում խոսել: Դուք ինքներդ քանի-քանի անգամ ականատես եք եղել եւ կարող եք վկայել, թե ինչպես են իրենց պահել Հակոբյանների, եւ ինչպես՝ Պետրոսյանների ընտանիքները: Հասկանալի է իրենց վիշտը, անդառնալի է իրենց կորուստը, բայց մի բան այլեւս պարզ է՝  անընդունելի է  իրենց այդ կեցվածքը:

Վկաները պնդում են, որ Վարդան Պետրոսյանը հարբած չի եղել, իսկ մեքենան վարել է թույլատրելի արագությամբ: Ըստ Ձեզ՝ այսքանից հետո ի՞նչ որոշում կկայացնի դատարանը:

Հուլիսի 23-ին տեղի ունեցավ այս ամսվա վերջին դատավարությունը: Վկայություն տվեցին 4 անձ, բոլորովին անծանոթ մարդիկ, ովքեր պատմեցին, թե վթարից անմիջապես հետո ինչպես են իրենք հայտնաբերել Հակոբյաններին եւ Վարդանին եւ ինչպես են առաջին օգնություն ցույց տվել նրանց ու մեքենաներից հանել Հակոբյաններին, ապա՝ Վարդանին:  Բոլոր այդ վկաները հաստատեցին իրենց նախաքննության ժամանակ տված ցուցմունքները եւ նշեցին, որ Վարդանը եղել է սթափ: Ի դեպ, Վարդանի մեղադրանքում ոչ սթափ լինելու մասին խոսք չկա։ Ավելին՝ եթե Վարդանը ոչ սթափ վարեր ավտոմեքենան, ապա ես գիտեմ, որ դրա համար նրան նաեւ վարչական տույժ կտային, իսկ նման բան չի եղել: Դա միայն փաստաբան Ռ. Բալոյանի դիրքորոշումն է, որը նա շահարկում է իր ամեն մի հեռուստատեսային ելույթի եւ լրատվամիջոցներին տված հարցազրույցների ժամանակ, նպատակ ունենալով հանրության մեջ սխալ կարծիք ձեւավորել՝ փորձելով  Վարդանին վարկաբեկել եւ հնարավորինս երաշխավորել դատարանին, որ Վարդանի նկատմամբ մեղադրական դատավճիռ արձակվելու արդյունքում հասարակական մեծ դժգոհություն չի լինի:

Մեր պաշտպանի կողմից դատարանին ներկայացվել են ապացույցներ, որոնցով լիովին հերքվել է Վարդան  Պետրոսյանին առաջադրված երեք կետերից բաղկացած մեղադրանքը եւ հաստատվել է, որ

1) Վարդանը չի գերազանցել վթարի վայրում թույլատրելի արագությունը (վթարի վայրը չի հանդիսացել բնակավայր, եւհետեւաբար այդ վայրում թույլատրելի առավելագույն արագությունը եղել է 90 կմ/ժ, իսկ Վարդանին մեղսագրում են 71 կմ/ժ արագությամբ երթեւեկելը)։

2) Վարդանը վթարի պահին հեռախոսով չի խոսել (ըստ Վիվասելի կողմից տրված փաստաթղթի, այն ալեհավաքը, որի մոտակայքում Վարդանն ավարտել է հեռախոսային խոսակցությունը, գտնվում է  վթարի վայրից շուրջ չորս կիլոմետր հեռավորության վրա, բացի այդ,այդ ալեհավաքից մինչեւ վթարի վայրը առկա էին եւս երեք ալեհավաքներ, որոնք կորսային Վարդանի հեռախոսի ալիքները, եթե նա վթարի պահին խոսելիս լիներ, իսկ նման բան չկա)։

3) Վարդանը չի կորցրել իր ավտոմեքենայի կառավարումը եւ այն Ճանապարհի երթեւեկելի մասից դուրս չի բերել դեպի կողնակ (պարզապես Վարդանի գործը վարող քննիչ Հայկարամ Հակոբյանը չի արձանագրել Վարդանի ավտոմեքենայի անիվներին պատկանող դեպքի վայրում առկա կողասահքի հետքերը, որոնք բացառում են, որ Վարդանը վթարի նախորդող պահին դուրս է եկել կողնակ):

Հետեւաբար, նման ապացույցների պայմաններում դատարանից ակնկալում եմ միայն արդարացման դատավճիռ, սակայն կարծում ենք, որ մեղադրողն ինքը կհրաժարվի մեղադրանքից, քանի որ քննիչի այս վարկածը, որի հիման վրա էլ առաջադրվել է  մեղադրանքը, ակնհայտորեն հորինված է եւ բազմաթիվ փաստերով ու վկայություններով հաստատված իրականությանը չի համապատասխանում:

Ռուբեն Բալոյանը դատարանում հայտարարեց, որ Նիկոլայ Բաղդասարյանն իրենց անբարո առաջարկ է արել, որ Հակոբյաններն ասեն, որ Նիվան վթարի պահին հետընթաց է կատարել, եւ այլեւս խնդիր չեն ունենա: Դուք տեղյա՞կ եք՝ նման առաջարկ իսկապես եղե՞լ է: Եթե ոչ, Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ է տուժող կողմի ներկայացուցիչը նման հայտարարություն անում:

Ես ներկա չեմ եղել Նիկոլայ Բաղդասարյանի եւ պարոն Բալոյանի հանդիպմանը, սակայն հաստատապես կարող եմ ասել, որ տուժողների կողմից նման ցուցմունք տալու կարիք չկա, քանի որ այդ փաստը հաստատվել է գործում առկա դատաավտոտեխնիկական փորձագետների եզրակացությամբ: Մեր ընտանիքի անդամները եւ փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը համաձայնեցրել են մեր եւ տուժողների միջեւ հաշտության համաձայնության գալու բոլոր նախապայմանները, որոնց մեջ նման պահանջ, հավաստիացնում եմ Ձեզ, չի եղել: Ուղղակի տուժող կողմի ներկայացուցիչը որդեգրել է մի մարտավարություն, որն ամբողջությամբ կառուցել է ստի ու կեղծիքների վրա: Ես առիթ ունեցել եմ մամուլով ներկայացնելու եւ փաստերով հիմնավորելու Ռ. Բալոյանի կողմից իրականությանը չհամապատասխանող տվյալների տարածումը: Համոզված եմ նաեւ, որ Ռ. Բալոյանի նման մարտավարության արդյունքն է, որ տուժողները դատարանում հնչեցնում են հայհոյանքներ եւ անեծքներ:

Շատ է շահարկվում այն թեման, թե ինչու Պետրոսյաններն ու Հակոբյաններն այդպես էլ հաշտության եզրեր չգտան: Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ չեն դադարում այս հարցը քննարկել, հատկապես որ Վարդան Պետրոսյանն անընդհատ շեշտում է, որ ինքն ի սկզբանե ցանկացել է հանդիպել Հակոբյանների հետ, սակայն հենց այդ ժամանակ նրան կալանավորել են:

Այո, շատ ճիշտ եք: Վարդանն անընդհատ շեշտում է, որ պատրաստ է հաշտության գնալ Հակոբյանների հետ: Բայց նաեւ նշում է, թե ինչու այդ հաշտությունը տեղի չի ունենում, եւ թե ինչպես անընդհատ խոչնդոտում են դրան: Մենք միշտ պատրաստ ենք եղել հանդիպել եւ քննարկել հաշտության քայլերը, բայց Հակոբյան ընտանիքն իր փաստաբանի խորհրդով մեզ փակուղու առջեւ է կանգնեցրել՝ պահանջելով կատարել այնպիսի քայլեր, որոնք մեզ համար անընդունելի են եղել:

Մենք միշտ եղել ենք անկեղծ Հակոբյանների հետ հաշտության մեր մղումներում, միշտ շեշտել ենք, որ անկախ այս գործի ընթացքից ու ելքից, մենք ձգտում ենք հաշտության: Բայց հակառակ կողմի անհասկանալի եւ անկախատեսելի պահվածքը մեզ կանգնեցրել է փակուղու առջեւ:

Նյութական փոխհատուցման մասին անընդհատ խոսվել է վթարի առաջին իսկ օրերից: Մենք մեր հերթին պատրաստակամություն ենք հայտնել հոգալու երեխաների ողբերգական մահվան բոլոր ծախսերը, հոգալու Տաթեւիկի բուժման հետ կապված խնդիրները: Բայց միշտ այն ակնթարթին, որ հանդիպումը պիտի կայանար, անհասկանալի ինչ-որ մի բան խանգարել է դրան, եւ Հակոբյանները հետ են կանգնել այդ հանդիպումից: Սակայն, անկախ ամեն ինչից, մենք դեռ հույս ունենք, որ ժամանակը կդառնա մեզ միջնորդ, եւ այս հարցն ի վերջո կունենա իր լուծումը:

Վարդան Պետրոսյանի առողջական եւ հոգեբանական վիճակն ինչպե՞ս է:  Գո՞հ է արդյոք կալանավայրի պայմաններից:

Կարելի՞ է գոհ լինեն կալանավայրից, անազատության մեջ բանտված ապրելուց եւ արդյո՞ք գոհ է  Վարդան Պետրոսյանը կալանավայրի պայմաններից:  Այս հարցին ավելի լավ կպատասխանի արդարադատության նախարարը, ով մայիսի 16-ին Նուբարաշենում այցելել է Վարդանին եւ մինչեւ օրս միջոցներ է փնտրում Վարդանին դատապարտյալների հիվանդանոց տեղափոխելու եւ չի գտնում: Իսկ ես կասեմ, որ Վարդան Պետրոսյանը պինդ մարդ է, եւ նրա հոգեբանական վիճակն այսօր ավելի քան կայուն է: Առողջական վիճակի մասին չեմ կարող նույնն ասել, քանի որ Նուբարաշեն ՔԿՀ-ում նա գրեթե բուժում չի ստանում, այնինչ մենք ունենք բժիշկների եզրակացություն, որ Վարդանին անհրաժեշտ է վերականգնողական երկարատեւ բուժում, պարտադիր մաքուր օդում լինելու հնարավորություն, երկար քայլելու անհրաժեշտություն, այսինքն, առողջության վերականգման անհրաժեշտ պայմաններ,  որից նա զրկված է բանտում: Իր տարած վիրահատություններից հետո նա հետվիրահատական բուժում չի ստացել, առավել եւս՝ Նուբարաշենում անհրաժեշտ սարքավորումների բացակայության պայմաններում նա չի էլ կարող ստանալ բժշկական այն համապատասխան  օգնությունը, որը դրսում կարող էր ստանալ:

Ես կարծում եմ, որ Վարդանին պետք է առնվազն անմիջապես տեղափոխել դատապարտյալների հիվանդանոց եւ հնարավորություն ընձեռել հնարավորինս արագ ապաքինվելու. այլապես ու՞մ է ձեռնտու Վարդան Պետրոսյանին անառողջ պահելը Նուբարաշենում, եւ ի՞նչ նպատակով է դա արվում։

Զրուցեց Աիդա Հովհաննիսյանը

Լուսանկարը՝  Արսեն  Սարգսյանի/NEWS.am

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ