News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Հայաստանի ազգային ագրարային համալսարանի նախկին լաբորատորիայի տարածք այսօր՝  հուլիսի 28-ին, շինարարական տեխնիկա է բերվել, վաղ առավոտվանից ՕԵԿ-ը վերսկսել է շինարարական աշխատանքներն այն տարածքում, որը, Ագրարային համալսարանի աշխատակիցների պնդմամբ, համալսարանին է պատկանում:

Հիշեցնենք, որ ՕԵԿ-ը վիճելի տարածքում ցանկանում է դահլիճ կառուցել: Կուսակցության անդամները վստահեցնում են, որ իրենք ոչ մի անօրինական քայլ չեն անում. քաղաքապետարանի՝ 2008թ. որոշմամբ տարածքն իրենց է պատկանում: Կողմերը դիմել են դատարան, որը մինչեւ վերջնական վճիռ կայացնելը որոշում է կայացրել՝ ՕԵԿ-ին թույլատրել վերականգնել Տերյան 74 հասցեում գտնվող շինության տանիքը՝ միաժամանակ չթույլատրելով նրան որեւէ այլ շինարարական աշխատանք կատարել Տերյան 74 հասցեում:

Ագրարային համալսարանի տնօրինությունը պնդում է, որ քաղաքապետի որոշման մասին, որով համալսարանի տարածքը հանձնվել է ՕԵԿ-ին, իրենք միայն այս տարի են իմացել: Տարածքի՝ իրենց ունեցած հատակագծում վիճելի տարածքը Ագրարային համալսարանին է պատկանում եւ գտնվում է Տերյան 74-ում հասցեում:

«Մինչեւ ՕԵԿ-ի շենքը կառուցվելը, այդ վիճելի տարածքում եղել է այդ շենքը՝ համալսարանի տեխսպասարկման կետը: Ինչպե՞ս պատահեց, որ այն Տերյան 74-ից դարձավ Աբովյան 43\1: Մեզ քաղաքապետարանը չի տեղեկացրել, որ 2008թ. տարածքը տրամադրել է ՕԵԿ-ին»,-NEWS.am-ին ասաց Ագրարային համալսարանի գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Դանիել Պետրոսյանը:

 ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը NEWS.am-ի հետ զրույցում վստահեցրեց, որ իրենք շինարարական աշխատանքները վերսկսկել են ոչ թե վիճահարույց Տերյան 74 հասցեում, այլ Աբովյան 43\1-ում:

«Տերյան 74 հասցեում շինարարություն չի կատարվում, շինարարություն է կատարվում Աբովյան 43\1 հասցեում: Երբ մենք սկզբում շինրարությունը սկսել էինք, մենք դիտել էինք, որ տարածքն ամբողջությամբ, որտեղ մեր դահլիճն էր, Աբովյան 43\1-ն է: Հետո պարզվեց, որ տարածքի միայն մի մասն է որոշմամբ մեզ տրվել, միայն մի մասն է 43\1-ում, մյուս մասը Տերյան 74-ում է, այդպիսով մնացած տարածքը վիճահարույց տարածք դարձավ»,-ասաց պատգամավորը՝ հավաստիացնելով, որ քանի դեռ դատարանի համապատասխան որոշում չկա, իրենք վիճահարույց տարածքում շինարարություն չեն կատարի:

Ագրարային համալսարանի գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Դանիել Պետրոյանը NEWS.am-ին ասաց, որ երկու օր առաջ էլ  ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայությունը եկել եւ կասեցրել էր վերսկսված շինարարությունը:

«Այսօր պարզապես ոչ աշխատանքային է: Իրենք էլ շինարությունը գիշերով են սկսել՝ օգտվելով գիշերվա խավարից, սուրբ Վարդավառ տոնից: Եթե հարգում են օրենքը, ինչու՞ են այս օրերին սկսել շինարարությունը, այն էլ՝ գիշերով: Թե՞ իրենց թվում էր՝ Ագրարային համալսարանի կոլեկտիվն էլ չէր հավաքվելու: Այն ժամանակ էլ, հիմա էլ հավաքվել է: Կոլեկտիվը վրդովված է»,-ասաց նա:

Նշենք, որ այդ վիճահարույց տարածքը 2006թ. օգոստոսին քաղաքապետի որոշմամբ ճանաչվել է պետական սեփականություն, իսկ ՀՀ կառավարության՝ 2006թ. դեկտեմբերի որոշմամբ անհատույց եւ անժամկետ օգտագործման իրավունքով՝ ամրացվել է Ագրարային համալսարանին:

Տպել
Ամենաշատ