Շիրակի մարզի Ախուրյանի ջրամբարում 7 ժամ տեւած որոնողական աշխատանքներից հետո՝ Սեւանից ժամանած ջրասուկներին հաջողվեց գտնել Աղին համայնքի բնակիչ 22-ամյա Գագիկ Խաչատրյանի դին: Նա այսօր ժամը 13-ի սահմաններում, իր նավակով դուրս էր եկել Ախուրյանի ջրամբար ու նավակով սուզվել ջրի հատակը:
Շիրակի մարզի Ճգնաժամային կառավարման կենտրոնի պետ Մարտին Մկոյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ որոնողական աշխատանքները բարդ են եղել, քանի որ ջրի այն հատվածում, որտեղ խեղդվել է երիտասարդը, խորությունը 5 մետր է կազմում:
«Շիրակի մարզի եւ ոչ մի ջրամբարում թուլյատրված չէ լողալ ու ձուկ որսալ, վտանգավոր է կյանքի համար: Մենք բազմիցս այս մասին ասում ենք, բայց մեր քաղաքացիները անում են այն, ինչ ուզում են՝ վտանգելով իրենց կյանքը»,-ասաց Մարտին Մկոյանը: Նրա խոսքով՝ խեղդված տղայի հարազատներն ու ծնողներն եւս դեպքի վայրում են եղել:
Աղին համայնքի ղեկավար Մանուկ Թովմասյանը NEWS.am-հետ զրույցում ասաց, որ Գագիկը գնացել էր ջրամբար ձուկ որսալու: Ըստ համայնքի ղեկավարի՝ նա հաճախ է գնացել ձուկ որսալու տվյալ հատվածում: Գագիկի ընտանիքն էլ ապրում է սոցիալապես անապահով պայմաններում: «Նրանք ապրում են հազիվ ծայրը ծայրին հասցնելով: Գագիկն ընտանիք միակ արու զավակն էր, եւս երկու քույր ուներ, մեկն ամուսնացած էր, մյուսը դեռ ոչ: Ապրում էին գյուղական դժվար կյանքով: Ծնողների վիճակը սարսափելի է»,-ասաց Մանուկ Թովմասյանը: