News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ռումինիայի Դումբրավեն քաղաքում, հուիսի 25-26-ին, կազմակերպվել էր մշակութային ամենամյա փառատոնը: Դումբրավենի քաղաքապետարանը եւ Ռումինիայի Հայոց Միության Դումբրավենի մասնաճյուղը տեղի արվեստասերների աջակցությամբ Տրանսիլվանիայի հայաշատ այդ քաղաքում համախմբել էին նշանավոր արվեստագետների եւ մտավորականների:

Փառատոնը բացվեց Ապաֆի ամրոցում` Տրանսիլվանիայի Հայոց թանգարանում` նկարիչ Միհայ Նեկիտա Բուկուլեցի ցուցահանդեսով, ուր ողջույնի եւ գնահատանքի խոսքերով հանդես եկան Ռումինիայում ՀՀ դեսպան Համլետ Գասպարյանը, Դումբրավենի քաղաքապետ Ջորջետա Իրիմիեն, բանաստեղծ ու խմբագիր Նիկոլաե Բաչուցը եւ կազմակերպիչներից դոկտոր Վասիլե Հաբորը:

Հաջորդ օրը դասախոսություններով հանդես եկան Բուխարեստի Արվեստի ակադեմիայի պրոֆեսոր, նշանավոր նկարիչ եւ գրող Գեորգե Անգելը եւ ակադեմիկոս, մշակույթի նախկին նախարար Ռազվան Թեոդորեսկուն: Վերջինս, խոսելով միջնադարյան Դումբրավենի մասին, նշեց այն կարեւոր դերը, որ հայերը խաղացել են ողջ Տրանսիլվանիայի պատմության մեջ:

Իր հերթին դեսպան Գասպարյանը, խոսելով ռումինական կյանքի մեջ հայերի դերի եւ հետքի մասին, վստահություն հայտնեց, որ այս տարվա սկզբին Կլուժի Բաբեշ-Բոյայ համալսարանում բացված Հայագիտության ինստիտուտը կնպաստի հայկական ժառանգության վերհանմանը եւ ծանոթացմանը: Իր խոսքում դեսպանը մասնավորապես նշեց. «Կարծում եմ, որ այն կօգնի շատերին, հատկապես երիտասարդներին` վերագտնելու եւ վերահաստատելու իրենց ինքնությունը, նույնիսկ մեզ` Հայաստանում ապրող հայերիս` մեր ազգային ինքնությունը լրացնելու պակասող բեկորներով, որոնք ցրված են աշխարհով մեկ»:

Երեկոյան Սուրբ Եղիսաբեթ տաճարում հնչեց դասական երաժշտություն նշանավոր ջութակահար, միջազգային բազմաթիվ մրցանակների դափնեկիր Ալեքսանդրու Տոմեսկուի կատարմամբ, Ադ Լիբիտում քառյակի կազմում: Փառատոնը փակեց Գեռլայի հայկական պարախումբը:

Փառատոնի շրջանակներում դեսպան Գասպարյանը ապակենտրոնացված մակարդակով կապերը աշխուժացնելու շուրջ խորհրդակցություններ ունեցավ քաղաքապետ Ջորջետա Իրիմիեի եւ սենատոր Վիորել Արկաշի հետ:

Տպել
Ամենաշատ