Արմավիրի մարզի Գեղանիստ գյուղի բնակիչ, Վանաձորի զորամասերից մեկի զինծառայող, ոտքի մենիսկի պատճառով արդեն երկու ամիս «Մուրացան» հոսպիտալում գտնվող 20-ամյա Մնացական Մինասյանին վիրահատել են եւ պարզել, որ վերջինիս մենիսկը վնասված չէ, մինչդեռ հարազատները շարունակում են պնդել, որ Մնացականն առողջական խնդիրներ ունի:
«Տղայիս նարկոզ են տվել, հատուկ գործիքով նայել են ոտքը ու հայտարարել, որ մենիսկը վնասված չէ: Դրանից հետո էլ ուղարկեցին տուն 2 շաբաթով, էդ ընթացքում նորից ոտքը սկսեց ցավել, դուրս ընկավ տեղից: Հուլիսի 26-ին տղաս նորից գնաց հոսպիտալ, որտեղ բժիշկն ասաց, որ օգոստոսի 6-ին նորից ծառայության է վերադառնալու տղաս: Բայց ո՞նց էդ ոտքով գնա ծառայելու, առանց բուժելու, առանց լավացնելու՝ նորից ուղարկում են բանակ»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց զինվորի մայրը՝ Նարինե Հարությունյանը:
Նրա պնդմամբ՝ որդին ծառայությունից չի խուսափում, պարզապես ցանկանում է լավանալ:
«Ես դիմելու եմ բոլոր պատկան մարմիններին, որ տղայիս բուժեն, հետո ուղարկեն ծառայության: Մենք չենք խուսափում, ես ուզում եմ, որ տղաս ծառայի, բայց լավանալուց հետո միայն»,- ավելացրեց Նարինե Հարությունյանը:
Ավելի վաղ զինծառայողի մայրը NEWS.am-ին պատմել էր, որ որդին երեք տարի առաջ ծանրամարտով զբաղվելիս վնասել էր ոտքը, այդ ժամանակ բժիշկները խորհուրդ էին տվել վիրահատել, սակայն ծնողները չէին համաձայնվել:
«Դրանից հետո մեկ տարով բանակ գնալը հետաձգեցին, բայց դե ի վերջո էս տարվա հունվարի 20-ին տարան: Հիմա էնտեղ ոտքից շատ է բողոքում, չի կարողանում նորմալ քայլել, ոտքը կարճանում է: Բացի դրանից՝ հրամանատարները ոչ մի բան հաշվի չեն առնում, ստիպում են, որ ամեն ինչ անի, ասում են՝ եկել ես, պիտի անես, մեզ չի հետաքրքրում»,- ասել էր Նարինե Հարությունյանը: