Փարիզում ձերբակալել են 38-ամյա հայ քաղաքական փախստականի Մյորթ եւ Մոզել կոմունայի Լոնգվի քաղաքի մոտակայքում իր հայրենակցի սպանության համար: Նա դիմել է փարիզյան ոստիկանությանը, խոստովանել հանցանքը: Այդ մասին գրում է ֆրանսիական «20 Minutes» թերթը՝ վկայակոչելով «France-Presse» գործալալությանը:
«Սկզբնապես ոստիկանները դժվարությամբ են հավատացել: Ի վերջո նրանք ձերբակալել են նրան 8-րդ շրջանի ոստիկանական բաժանմունքում»,- ասել է Նանսի քաղաքի դատական ոստիկանության շրջանային ծառայության կոմիսարի օգնական Ֆրանկ Դանրլորը: «Նա չի բացատրում իր դրդապատճառները, ոչ էլ այն, թե ինչն է ստիպել նրան Փարիզում մոտենալ ոստիկանին, եթե ոչ զղջումը»,- հավելել է Նանսի քաղաքի դատախազի տեղակալ Ամորի Լակոտը:
Կասկածյալը, ով բնակվում է Բելգիայի եւ Լյուքսեմբուրգի սահմանին գտնվող Մոն-Սեն-Մարտեն քաղաքում, փողոցում մոտեցել է ոստիկանի, ով ապահովում էր «Տուր դե Ֆրանսի» եզրափակիչ փուլի անվտանգությունը: Նա հաղորդել է, որ սպանել է հայ համայնքի մեկ այլ անդամի՝ 47-ամյա տղամարդու, ում արյունոտ մարմինը հայտնաբերվել է անցորդի կողմից Օկուր-Մուլենե լճի մոտակայքում, Լոնգվիից քիչ հեռու: «Չկա վկայություն անմիջապես հանցանքի վայրից, սակայն մի քանի հոգի առանց ճշտելու նշում են, որ կրակոցներ են լսել»,- հայտնում է կոմիսարը:
Կասկածյալը խոստովանել է, որ իր հայրենակցին սպանել է մեկ շաբաթ առաջ գողացած ատրճանակով, որն, ի դեպ, մինչ այժմ չեն հայտնաբերել: Դատախազի տեղակալի խոսքով՝ երկու տղամարդկանց, ովքեր միմյանց ծանոթ էին, կապում էր չվճարված պարտքը:
Ենթադրյալ մարդասպանը, ով Ֆրանսիա էր ժամանել երկու տարի առաջ, իսկ մինչ այդ բնակվել էր Ուկրաինայում, ավելի վաղ ոստիկանությանը հայտնի էր, ինչպես եւ նրա զոհը: Նա պետք է հանդես գալ դատախազության առաջ: Նրան սպառնում է 30 տարվա կամ նույնիսկ ցմահ ազատազրկում, եթե մեղադրանքում առկա լինի դիտավորության հանգամանքը:
Ինչպես նախկինում հաղորդում է NEWS.am-ը, 47-ամյա հայի մարմինը հայտնաբերվել էր հուլիսի 26-ին Օկուր-Մուլեն կոմունայում: