Կալիֆորնիական համալսարանի տեխնոլոգիական ինստիտուտի գիտնականները հերթական փորձն անցկացնելիս գլխուղեղում փոքրիկ հատված են հայտնաբերել, որի վրա ազդելու արդյունքում այն մարում է ախորժակը:
Հետազոտության արդյունքները կարող են մասնագետներին օգնել բուժել այնպիսի հիվանդություններ, ինչպիսիք են ճարպակալումն ու անորեքսիան, որոնք սննդային վարքագծի խանգարում են:
Համալսարանի մասնագետները լազերային ճառագայթներ են օգտագործել, որպեսզի խթանեն մկների ուղեղի նշաձեւ հատվածի նեյրոնների աշխատանքը: Գլխուղեղի այդ հատվածը պատասխանատու է մեծ քանակությամբ զգացողությունների ձեւավորման համար, այդ թվում՝ հաճույքի եւ վախի: «Курс» կայքի փոխանցմամբ, նման ազդեցության շնորհիվ կենդանիներն ինքնուրույն դադարել են սնունդ ընդունել:
Հետազոտության գլխավոր հեղինակ Դեւիդ Անդերսոնը պարզաբանել է, որ դա նման է հոսանքի անջատիչը սեղմելուն, ինչի արդյունքում կենդանին դադարում է ուտել:
Հիմա արդեն հետազոտողները ծրագրում են ուսումնասիրել, նեյրոնների այդ խումբն ինչպես է փոխազդում քաղցի եւ հագեցածության կենտրոնների հետ: