Հյուսիսային պողոտայում աշխատանքները չէինք կարող սկսել ո՛չ վաղ գարնանը, ո՛չ ուշ աշնանը: Այդ մասին այսօր՝ հուլիսի 29-ին հայտարարել է Երեւանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը:
Նա անդրադարձել է պողոտայի հիմնանորոգման ծրագրին։ «Այստեղ աշխատանքները չէինք կարող սկսել ո՛չ վաղ գարնանը, ո՛չ ուշ աշնանը. աշխատանքները մեկնարկեցին այն ժամանակ, երբ եղանակային պայմանները թույլ են տալիս։ 5 մլն դոլարի ներդրումով ծավալուն ծրագիր է իրականացվում պողոտայում. ամբողջ պողոտայի սալիկներնը փոխարինվում են գրանիտե եւ այլ բնական քարերի սալիկներով, այդ թվում՝ իտալական, մոտ 3 անգամ ավելանում է կանաչ տարածքը, ամբողջությամբ փոխարինվելու է պողոտայի կահավորանքը»,- նշել է նա։
Օհանյանը նկատել է, թե հասկանալի է, որ որոշակի անհարմարություն են ստեղծել, սակայն այն ժամանակավոր բնույթ է կրում։ «Նշեմ նաեւ, որ թեեւ ծրագիրը ներդումային է, բայց ամբողջությամբ՝ սկսած էսքիզային աշխատանքներից մինչեւ նախագծային փաթեթը համաձայնեցվել է Երեւանի քաղաքապետի հետ, եւ ամենօրյա անմիջական հսկողություն ենք իրականացնում կատարվող աշխատանքների որակի եւ ժամանակացույցի նկատմամբ։ Պլանավորված է աշխատանքներն ավարտել օգոսոսի վերջերին»,-նշել է Դավիթ Օհանյանը։