Երեւանցիների մի ստվար զանգված այս ամառ չի հանգստացել ու չի էլ պատրաստվում, քանի որ գումար չունի հանգստի մեկնելու համար, իսկ հանգստի մեկնողները գերադասում են մեկնել Վրաստան, քանի որ Հայաստանում հանգստանալը թանկ է:
NEWS.am-ը հարցախույզ անցկացրեց Երեւանի ծայրամասերից մեկում՝ պարզելու, թե որտեղ են երեւանաբնակներն անցկացնելու իրենց ամառային հանգիստը:
«45 հազար եմ ստանում, հազիվ հացի փող ենք հանում, ո՞նց մեկնենք հանգստանալու»,-դժգոհեց հարցվողներից մեկը, մյուսն էլ ասաց, որ շատ մեծ ցանկություն ունեն հանգստի մեկնելու, բայց հնարավորություն չունեն, «հազիվ գոյատեւում են»:
Քաղաքացիների մի մասն էլ գումարից բացի ժամանակ չունի հանգստի մեկնելու համար:
«Չեմ հանգստանալու, ոչ գումար ունեմ, ոչ ժամանակ, ի՞նչ հանգստանամ: Համ էլ ես ամեն օր հանգստանում եմ, գնում եմ Բյուրական 8 ժամ հանգիստ քնում եմ, հելնում, գալիս եմ աշխատանքի»,-ասաց սննդի սպասարկման ոլորտում աշխատող Գագիկը` նշելով, որ ինքն ամբողջ կյանքում միշտ աշխատել է, երբեք չի հանգստացել:
Տուրիստական գործակալության աշխատակից Աննա Հայրապետյանի խոսքով` Երեւանցիները ավելի շատ նախընտրում են մեկնել Վրաստան հանգստի, քանի որ այնտեղ հանգիստն ավելի մատչելի է եւ որակյալ:
«Մեր հանգստյան տան տնօրեններին ուղղակի պետք է հասկացնել, որ չի կարելի էդ գներով աշխատել: Ներկա պահին մենք օրը 4000-5000 դրամով ուղարկում ենք Վրաստան, իսկ էստեղ գոնե 6000-ով մի նորմալ տարբերակ կգտնե՞ք, որ էնտեղի պայմաններին նման լինի, էլ չհաշված ծովը: Չի կարելի էլի, մենք չենք էլ առաջարկում քաղաքացիներին հանգստանալ Հայաստանում»,-ասաց Աննա Հայրապետյանը:
Տուրիստական գործակալության աշխատակցի խոսքով` Հայաստանում մեկ օրվա հանգստի համար քաղաքացին միջինում վճարում է 8000 դրամ. «Եթե ընտանիքում կա 2-3 երեխա, պատկերացրեք՝ դա ինչ գումար կկազմի, իսկ այդ գումարի 60%-ի չափով վճարելով մարդիկ կարող են 10 օր լիարժեք հանգստանալ Վրաստանում, լավ պայմաններում»: