News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Հրազդանցի 13-ամյա Քրիստինե Գրիգորյանը վաղաժամ ծնվելու հետևանքով ուղեղային կաթված է ստացել, ինչի պատճառով չի կարողանում շարժվել, նորմալ խոսել։

Աղջիկը ծնվել է 6 ամսականում ՌԴ Լիպեցկ քաղաքում, բայց հիվանդության մասին ծնողներն իմացել են ուշ, երբ նկատել են, որ չի կարողանում նստել: Մեկուկես տարի անց վերադարձել են Հայաստան, որտեղ բնակվում են վարձակալած բնակարանում։ Մայրը խնամում է դստերը, իսկ հայրը, որը մինչեւ հիմա արտագնա աշխատանքով էր վաստակում, այժմ այդ հնարավորությունն էլ չունի, քանի որ աշխատանքային միգրանտների հանդեպ ՌԴ խստացված քաղաքականության հետեւանքով նրան թույլ չեն տալիս մուտք գործել Ռուսաստան։

Սոցիալապես անապահով ընտանիքն ի վիճակի չէ վճարել Քրիստինեի վերականգնողական բուժման համար. վերջին անգամ աղջիկը 3 տարեկանում է բուժման կուրս ընդունել։

Ծնողները գիտակցում են, որ աղջիկը լիարժեք չի բուժվի, բայց երազում են, որ գոնե կարողանա  քայլել ու ամբողջ օրը սայլակին գամված չմնա, ինչը հնարավոր է նորմալ բուժման դեպքում։ Մինչդեռ այս պահին Քրիստինեն նույնիսկ նորմալ սայլակ չունի։

«Էրեխուս սայլակն էլ շատ անհարմար է, հին, փոքր, մի քանի անգամ կոտրվել է, սարքել ենք, հինն էլ մեծ էր ու էս փոքր տանը չէր տեղավորվում: Քրիստինեի ոտքերը գրեթե ձգված են, չի կարողանում քայլել, կանգնել, ձեռքերը չեն աշխատում»,- NEWS.am-ին պատմեց Քրիստինեի մայրը՝ Նաիրա Մնացականյանը։

Չնայած դրան՝ Քրիստինեն շատ կենսուրախ է, իր հասակակիցների նման սիրում է գեղեցիկ հագնվել, հարդարվել, երազում է ապագայում դառնալ դերասանուհի, իսկ մինչեւ այդ քայլել ու հասակակիցների հետ բակում խաղալ, իսկ առաջին հերթին՝ նոր սայլակ ունենալ։

Ինգա Հայրիյան

Տպել
Ամենաշատ