News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանության ժամանակավոր հավատարմատար Կենիչիրո Սասամեի հետ:

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, թե, ողջունելով  հյուրին եւ ընդգծելով հայ-ճապոնական հարաբերությունների բարձր մակարդակը՝ Տարոն Մարգարյանը համոզմունք է հայտնել, որ հաջորդ տարեսկզբին Երեւանում Ճապոնիայի դեսպանատան բացումը նոր որակ կհաղորդի երկկողմ հարաբերություններին եւ կնպաստի Երեւանի ու Տոկիոյի, ինչպես նաեւ ճապոնական այլ քաղաքների միջեւ կապերի հաստատմանը:

«Երեւանն այսօր ակտիվորեն համագործակցում է աշխարհի մի շարք խոշոր քաղաքների հետ եւ մենք պատրաստակամ ենք համագործակցություն հաստատել նաեւ Տոկիոյի հետ: Համոզված եմ, որ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտները շատ են եւ, ըստ այդմ, համագործակցության հեռանկարներն իրոք փոխշահավետ կարող են լինել», - ընդգծել է քաղաքապետն ու հավելել, որ Երեւանի քաղաքապետարանն անդամակցում է «Քաղաքապետերը հանուն խաղաղության» կազմակերպությանը, որը նախագահում է Հիրոշիմայի քաղաքապետը: Տարոն Մարգարյանը նաեւ նշել է, որ մեկ ամիս առաջ Երեւանի քաղաքապետարանի հարեւանությամբ գտնվող զբոսայգում տեղադրված Հիրոշիմա քաղաքից բերված «Խաղաղության քար» հուշաքարը եւս մեկ ապացույցն է նրա, որ Երեւանն իրոք պատրաստ է ճապոնական քաղաքների հետ համագործակցություն ծավալելուն։

Շնորհակալություն հայտնելով քաղաքապետին ջերմ ընդունելության, ինչպես նաեւ համագործակցության պատրաստակամության համար եւ կիսվելով Երեւանի մասին իր տպավորություններով` Կենիչիրո Սասամեն վստահեցրել է, որ իր լիազորությունների շրջանակում պատրաստ է աջակցել եւ օժանդակել երկու մայրաքաղաքների միջեւ կապերի հաստատմանն ու խորացմանը, նաեւ համոզմունք է հայտնել, որ դեսպանատան բացումից հետո այդ ուղղությամբ աշխատանքներն առավել ակտիվ կլինեն ու կտեղափոխվեն գործնական փուլ:

Քաղաքապետը Տարոն Մարգարյանը մեկ անգամ եւս վերահաստատել է Տոկիոյի եւ ճապոնական այլ քաղաքների հետ համագործակցության հաստատման եւ ամրապնդման հարցում Երեւանի քաղաքապետարանի պատրաստակամությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ