Հայաստանի բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանի կողմից ձեւավորված աշխատանքային խումբը դաշտային ուսումնասիրություններ է իրականացնում ՀՀ Արարատի եւ Արմավիրի մարզերում ջրային ռեսուրսների անարդյուանվետ օգտագործման եւ խորքային հորերի ապօրինի շահագործման հետ կապված խնդիրները բացահայտելու եւ լուծումներ տալու նպատակով:
Ուսումնասիրությունների ընթացքում գործնական քայլերի դիմելու անհրաժեշտության դեպքում ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ: Մասնավորապես՝ հուլիսի 29-ին ՀՀ Արարատի մարզի Նորամարգ համայնքում շուրջ 80 լ/վ ջրթողունակությամբ ապօրինի խորքային հորի լուծարման աշխատանքներ են սկսվել, ինչի արդյունքում հնարավոր կլինի տարեկան խնայել ավելի քան 2.5մլն խ/մ ջուր: Լուծարման աշխատանքին տեղում հետեւել է ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը:
Առայսօր ՀՀ Արարատի եւ Արմավիրի մարզերում ՀՀ կառավարության միջոցներով լուծարվել եւ կոնսերվացվել է 45 խորքային հոր, գումարային 310լ/վ ջրթողունակությամբ, իսկ տնտեսվարողների միջոցներով՝ 47 խորքային հոր, 920լ/վ ջրթողունակությամբ: