Հուլիսի 30-ին, ժամը 04.45-ին, ոստիկանության Չարենցավանի բաժնում ահազանգ է ստացվել, որ Սեւան-Երեւան ճանապարհի 35-րդ կմ-ին ավտոմեքենա է վթարվել եւ այրվում է:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ հուլիսի 30-ին, ժամը 04.00-ի սահմաններում, 1986 թ. ծնված Սեւակ Պ.-ի վարած «Հյունդաի Էլանտրա» մակնիշի ավտոմեքենան Սեւան-Երեւան ճանապարհին դուրս է եկել երթեւեկելի գոտուց, մտել հանդիպակաց ուղեմաս, կոտրել երկաթյա արգելապատնեշն ու ընկել ճանապարհի աջ կողմում գտնվող ձորը:
Պատահարի հետեւանքով ավտոմեքենան հրդեհվել է: Ուղեւորուհիներից մեկը` 1984 թ. ծնված Ռոզա Արծրունին, տեղում մահացել է, իսկ վարորդն ու մյուս ուղեւորուհի Շողիկ Հ.-ն եւ ուղեւոր Բարսեղ Գ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Ոստիկանության Չարենցավանի քննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: