Գյումրիի պետական մանկավարժական ինստիտուտի ռեկտորի եղբոր՝ Հարություն Գրիգորյանի սպանության կասկածանքով ձերբակալված Արման Կատունյանի դեմ այսօր՝ հուլիսի 30-ին, մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 104 հոդվածի առաջին եւ 235 հոդվածի առաջին մասերով (ապօրինաբար, դիտավորությամբ մեկ ուրիշին կյանքից զրկելը եւ ապօրինի զենք կրելը): Այս մասին NEWS.am-ին ասաց Արման Կատունյանի փաստաբան Երվանդ Վարոսյանը։
Նրա խոսքով՝ Արման Կատունյանն իրեն մեղավոր չի ճանաչել, նա այժմ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում է եւ սպասում է կալանքը որպես խափանման միջոց ընտրելու նախաքննական մարմնի միջնորդության քննությանը։
Հիշեցնենք, որ Կատունյանը ՊՆ Շիրակի մարզի Ռազմական ոստիկանության քրեական հետախուզության բաժնի պետն էր։ Ըստ Գյումրիում տարածված տեղեկությունների՝ սպանության դրդապատճառը խանդն է։ Կատունյանի խոսքով՝ ռեկտորի եղբայրը երկար ժամանակ սիրահետել է իր կնոջը։