Մաշտոցի պողոտայում նոյեմբերի 5-ին տեղի ունեցած միջադեպի ժամանակ ոստիկանների ոտքի տակ պայթուցիկ է նետել «սպիտակ ստորտային հագուստով մի տղամարդ», որը հետո պարզվեց՝ ամբաստանյալ Ավետիս Ավետիսյանն է: Այս մասին այսօր՝ հուլիսի 30-ին, Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում, նոյեմբերի 5-ին ձերբակալված Շանթ Հարությունյանի եւ նրա ընկերների գործով դատական նիստին իր ցուցմունքում ասաց գործով տուժող ոստիկան Արթուր Վարդգեսյանը։
«Սպիտակ սպորտային համազգեստով քաղաքացին պայթուցիկ գցեց, որը հետո պարզվեց՝ Ավետիս Ավետիսյանն է: Ես վազեցի նրա հտեւից եւ գետնին պառկեցրի։ Հետո մոտ քսանիհինգ տարեկան, ակնոցով, կապույտ վերնաշապիկով մի երիտասարդ ինձ կողքի հրեց ու գետնին գցեց, ես գլուխս բռնեցի, որ ասֆալտին չխփեմ».- նշեց ոստիկանը։
Տուժող Արթուր Վարդգեսյանը իր ցուցմունքում ասաց նաեւ, որ իրեն հրած եւ հարվածած երիտասարդը Սեւակ Մնացականյանն է եղել, որը փորձում էր «ոչ միտումնավոր կերպով հարվածել եւ իր ընկերոջը՝ Ավետիս Ավետիսյանին օգնել»։
Որպես տուժող՝ հարցաքննվեց նաեւ ոստիկան Հարություն Սարգսյանը, որը հայտարարեց, որ իր ոտքերի տակ պայթուցիկ են նետել. «Երթի մասնակիցները դիմակավորված անձինք էին փայտով։ Իմ ոտքերի դիմաց պայթյուն եղավ. շալվարիս ծնկի մասն է այրվել ու կոշիկներս։ Հետեւից էլ են հարվածել, հարվածներ են հասցրել մեջքիս ու ականջիս»։
Ոստիկան Հարություն Սարգսյանը պատմեց, որ միջադեպի ժամանակ լսել է՝ ինչպես են քաղաքացիական հագուստով երկեւ տղամարդ ներկայացել որպես ոտիկան. «Մի քիչ իրավիճակը խառն էր, երկու հոգու էին ու ներկայացան՝ որպես ոստիկան, մեկին դեմքով՝ որպես ոստիկան ճանաչում էի, իսկ մյուսին՝ ոչ»։
Հիշեցնենք, որ «Ազգային միացյալ նախաձեռնության» ղեկավար Շանթ Հարությունյանը, 2013թ. նոյեմբերի 5-ին, իր մոտ հարյուր աջակիցների հետ Գայ Ֆոքսի դիմակներով «Անոնիմուսների երթ» էր սկսել դեպի նախագահի նստավայր։ Սակայն ոստիկանները Մաշտոցի պողոտայում կասեցրել էին երթը, տեղի էին ունեցել բախումներ, հնչել էին պայթյուններ, ոստիկանները բերման էին ենթարկել 38 ակտիվիստների, այդ թվում՝ Շանթ Հարությունյանին եւ նրա որդուն։ Բախումների հետեւանքով տուժել էր 16 մարդ, այդ թվում ութ ոստիկան: Նրան առաջադրված մեղադրանքը վերաորակվել է եւ մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով՝ զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ խուլիգանությունը:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am