Հայաստանի կառավարությունն ու գործարար շրջանակները բավարար չափով չեն անհանգստանում ռուսական շուկայի պահանջներին արձագանքելու մասին: Այս մասին հուլիսի 30-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայաստանի գործարարների միության գործադիր տնօրեն Գագիկ Մակարյանը:
Նրա խոսքով, տարեսկզբից ինքը մի քանի անգամ եղել է Ռուսաստանում, որտեղ հանդիպել է տեղական ձեռներեցների հետ: Նրանցից շատերը հայտարարել են ոչ ալկոհոլային խմիչքների, քաղցրահամ եւ հանրաքային ջրերի ու լիմոնադի մեծ պահանջարկի մասին: «Նրանք գործնականում պատրաստ են գնել այն ամենը, ինչ Հայաստանը կմատակարարի: Սակայն իշխանությունները, ինչպես նաեւ այդ մասին իմացող գործարարները չեն շտապում ակտիվացնել այդ ոլորտը»,- ասաց Մակարյանը:
Բացի այդ, ռուսական շուկայում շատ մեծ է միջնորդների դերը, որոնց հետ աշխատելու համար մեծ քանակությամբ առաքում եւ շրջանառվող միջոցներ են հարկավոր: «Սովորաբար անհրաժեշտ գումարը սկսվում է 10 հազար դոլարից: Ոչ բոլոր հայ գործարարներն են ցանկանում հաղթահարել այդ արգելքը, այդ պատճառով սկսում են աշխատել ռուսական միջնորդների հետ: Իսկ վերջինները նաեւ մի շարք պայմաններ են առաջադրում, այդ թվում՝ ապրանքի իրացման բացառիկ իրավունք: Իսկ հայերն այդ այնքան էլ չեն սիրում ու երբեմն սկսում են գաղտնի աշխատել այլ գործընկերների հետ»,- հավելեց Գագիկ Մակարյանը:
Նշենք, որ 2013 թվականին Հայաստանը 11.1 մլն դոլարի սովորական եւ հանքային ջուր, ինչպես նաեւ լիմոնադ է արտահանել: Արտահանման ծավալների մեծ մասը (8.8 մլն) բաժին է ընկել Ռուսաստանին: