Ռուսաստանը Տաջիկստանին աջակցելու է զինված ուժերի արդիականացման եւ սահմանի պահպանության հարցում: Այս մասին Տաջիկստանի ԱԳ նախարար Սիրոջիդին Ասլովի հետ բանակցություններից հետո հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
«Մենք մտադիր ենք շարունակել աջակցել Տաջիկստանին զինված ուժերի արդիականացման եւ տեխնիկական հագեցվածության ապահովման, ինչպես նաեւ պետական սահմանի պահպանության պոտենցիալի մեծացման հարցում, հատկապես՝ աֆղանական ուղղությամբ»,- ասել է Լավրովը:
«Այդ միջոցները ձեռնարկելու ենք ինչպես երկկողմ ուղղությամբ, այնպես էլ ՀԱՊԿ-ի համապատասխան որոշումների լայնածավալ իրականացման շրջանակում»,- ռուսաստանցի պաշտոնյայի խոսքերն է մեջբերում ИТАР-ТАСС-ը:
Սերգեյ Լավրովի խոսքով, Աֆղանստանում իրավիճակը հետընթաց է ապրում եւ կարող է «բացասաբար ազդել Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի անվտանգության վրա»:
«Այդ կապակցությամբ մենք հաստատել ենք ՀԱՊԿ-ի, ԱՊՀ-ի եւ ՇՀԿ-ի շրջանակում մեր գործողությունների եւ համագործակցության մեխանիզմների հետագա կատարելագործման կարեւորությունը»,- ասել է նախարարը: