Գյումրիի պետական մանկավարժական ինստիտուտի ռեկտորի եղբոր՝ Հարություն Գրիգորյանի սպանության մեղադրանքով կալանավորված Արման Կատունյանը ոստիկանության աշխատակիցներին պատմել է, թե ինչու է սպանել Հարություն Գրիգորյանին:
Ըստ ոստիկանության՝ սպանության դրդապատճառը խանդն է եղել:
Նշենք, որ Կատունյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 104 հոդվածի առաջին եւ 235 հոդվածի առաջին մասերով (ապօրինաբար, դիտավորությամբ մեկ ուրիշին կյանքից զրկելը եւ ապօրինի զենք կրելը): Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, Կատունյանը ՊՆ Շիրակի մարզի Ռազմական ոստիկանության քրեական հետախուզության բաժնի պետն էր։ Ըստ Գյումրիում տարածված տեղեկությունների՝ սպանության դրդապատճառը խանդն է։ Կատունյանի խոսքով՝ ռեկտորի եղբայրը երկար ժամանակ սիրահետել է իր կնոջը։
Հիշեցնենք, որ դեպքը տեղի է ունեցել հուլիսի 24-ին Շիրակի մարզի Գետք համայնքի վերջնամասում` Գյումրի-Արմավիր ավտոճանապարհի աջակողմյան հատվածում գտնվող կիսակառույց շինության մոտակայքում: Արման Կատունյանը հրազենով կրակել ու սպանել էր Հարություն Գրիգորյանին եւ դեպքի վայրից դիմել փախուստի: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվեցին եւ առգրավվեցին` 5 հատ կրակված պարկուճ, երկու գնդակ, ծխախոտի մնացորդներ, տուփեր, արնանման նյութի հետքեր, իսկ դեպքի վայրում կայանած «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայից՝ ձեռքի հետքեր:
Մանրամասները՝ ոստիկանության պատրաստած տեսանյութում: