News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Շանթ Հարությունյանի եւ նրա ընկերների գործով նախաքննական մարմնի կողմից տուժող  ճանաչված ոստիկան Արա Մարտիրոսյանի՝ նախաքննական մարմնին եւ դատարանում տված ցուցմունքների միջեւ կա «սար ու ձորի» տարբերություն: Այս մասին այսօր՝ հուլիսի 30-ին, Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում, նոյեմբերի 5-ին ձերբակալված Շանթ Հարությունյանի եւ նրա ընկերների գործով դատական նիստի ավարտին NEWS.am-ի հետ զրույցում ասաց գործով մի քանի ամբաստանյալների պաշտպան Արա Զաքարյանը:

«Նա նշել էր, որ տեսնելով, որ Շանթ Հարությունյանը եւ նրա կողմնակիցները մոտենում են Մաշտոցի պողոտային, բարձրախոսով ոստիկանները նրանց զգուշացրել են, որ չի կարելի երթեւեկելի մաս դուրս գալ, սակայն երթի մասնակիցները չեն լսել դա, հայհոյանքներ են տվել, ուժ գործադրելով, ոստիկաններին հրելով՝ դուրս են եկել երթեւեկելի մաս: Սա կարեւոր բան էր, որ նա նշել էր նախաքննական ցուցմունքում, սակայն դատարանում չասաց: Եթե փորձեր դա ասել, ապա տեսագրությունները մեզ մոտ կան, եւ ակնհայտ կդառնար, որ նա սուտ է ասում»,- նշեց փաստաբանը:

Փաստաբան Արա Զաքարյանի խոսքով՝ ոստիկան Մարտիրոսյանը նախաքննական ցուցմուքում ասել էր, որ իրեն հրել է նաեւ մեղադրյալ Արմեն Հովհաննիսյանը, սակայն դատարանին դա չհայտնեց. «Նախաքննության ժամանակ ցուցմունք է տվել, իբր Տիգրան Պետրոսյանը իրեն հրում է  եւ քաշքշում, դրա հետ կապված մոտ 15 ժամ առերեսում  կատարվեց: Առերեսման ժամանակ նշեց, որ բացի Տիգրան Պետրոսյանից որեւէ այլ անձի հետ միջադեպ չի եղել: Դրանից հետո լրացուցիչ ցուցմունք է տվել եւ ասել, որ Արմեն Հովհաննիսյանը՝ իմ մյուս պաշտպանյալը, իրեն հրել է, որի արդյումքում նա հետ-հետ է գնացել եւ քիչ է մնացել՝ ընկնի: Այս մասին եւս դատարանում չասաց»:

Արա Զաքարյանի կարծիքով, նախաքննական մարմնին Արա Զաքարյանը Արմեն Հովհաննիսյանի մասով նման ցուցմունք է տվել, որպեսզի հնարավոր լիներ հիմնավորել նրան առաջադրված մեղադրանքը:

«Այս երեւույթը վկայում է այն մասին, որ ոստիկանները պատրաստ են տալ այնպիսի ցուցմունքներ, որոնց վերաբերյալ վերեւից հրահանգներ են ստանում: Նախաքննության փուլում պետք  էր այդպիսի ցուցմուքներ տալ, որպեսզի հիմնավորեին մեղադրանքները եւ կալանքի տակ պահելու անհրաժեշտությունը: Երբ պարզ եղավ, որ արդեն կան տեսագրություններ, նրանք աշխատում են հիմա այնպիսի ցուցմունքներ տալ, ինչը չի հակասի տեսագրություններին»,- ասաց փաստաբանը:

Փաստաբանը բացատրեց, որ պաշտպանական կողմը չմիջնորդեց վկա Արա Մարտիրոսյանի՝ նախաքննական  մարմնին տված ցուցմունքները հրապարակել, որպեսզի հետագայում դատարանը դա չօգտագործի մեղադրական դատավճռում. «Եթե ոչ դատավորը, ոչ մեղադրողը դրա մասին բան չասացին, ուրեմն պաշտպանական կողմին բացարձակ դա պետք  չէ»:

Նշենք, որ դատարանում ոստիկանի հարցաքննության ժամանակ, Արա Զաքարյանի այն հարցին, թե արդյոք իրեն որեւէ մեկը բացի մեղադրյալ Տիգրան Պետրոսյանից հրել է, Արա Մարտիրոսյանը պատասխանեց. «Հնարավոր է, որ նման բան եղած լինի, բայց չեմ հիշում»:

Հիշեցնենք, որ «Ազգային միացյալ նախաձեռնության» ղեկավար Շանթ Հարությունյանը, 2013թ. նոյեմբերի 5-ին, իր մոտ հարյուր աջակիցների հետ Գայ Ֆոքսի դիմակներով «Անոնիմուսների երթ» էր սկսել դեպի նախագահի նստավայր։ Սակայն ոստիկանները Մաշտոցի պողոտայում կասեցրել էին երթը, տեղի էին ունեցել բախումներ, հնչել էին պայթյուններ, ոստիկանները բերման էին ենթարկել 38 ակտիվիստների, այդ թվում՝ Շանթ Հարությունյանին եւ նրա որդուն։ Բախումների հետեւանքով տուժել էր 16 մարդ, այդ թվում ութ ոստիկան: Նրան առաջադրված մեղադրանքը վերաորակվել է եւ մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով՝ զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ խուլիգանությունը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժողովուրդ». Արսենյանը չի ճանաչում իր գրասենյակի մոտ պայթուցիկ տեղադրելու գործով կալանավորվածներին․ մանրամասներ
Ապա՝ նույն ժամանակահատվածում, պիտանի ինքնաշեն պայթեցման սարքը տեղադրել են Գյուլբենկյան...
«Փաստ».  Բնակիչների հետ հանդիպում, որպես այդպիսին, չի եղել. ի՞նչ են ասել Փաշինյանին Նոյեմբերյանում
Այսինքն, իրական հանդիպում «բնակիչների հետ», որի ժամանակ մարդիկ իրենց կարծիքն ուղիղ կասեին Նիկոլ...
«Հրապարակ». Հանրահավաքը կպառակտի՞, թե՞ կմիավորի
Սակայն պարզվում է, որ որոշ արցախյան գործիչներ վախենում են, թե ՀՀ իշխանությունը «կօգտագործի» առիթը...
«Ժողովուրդ». Վարչապետի եւ ԱԺ նախագահի եղբայրները բիզնեսմեններ են. Փաշինյանը խաբել է. մաս 184
Իշխանափոխությունից հետո Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի եղբայրը՝ Կառլեն Սիմոնյանը, տնօրեն է...
«Հրապարակ». Ինչ է քննարկվել ՔՊ խմբակցության փակ նիստում
Ի դեպ, այդ համաձայնագրով եվրադիտորդներին անսահմանափակ իրավունքներ եւ լայն անձեռնմխելիություն է...
«Փաստ». Իբր փողի խնդիր չկա, բայց գնում են թե՛ գների, թե՛ հարկերի դրույքաչափի բարձրացման ճանապարհով
Որպեսզի տնային տնտեսությունների պայմաններում կարողանանք եկամուտն ավելացնել, պետք է կա՛մ մի քանի...
Ամենաշատ