News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի, ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի առաջին տեղակալ Գուրգեն Դումանյանի ուղեկցությամբ այցելել է Վայոց ձորի մարզ:

Կառավարության ղեկավարի առաջին կանգառը Գլաձոր համայնքում էր, որտեղ վարչապետի ներկայությամբ բացվել է համայնքի հիմնանորոգված մանկապարտեզը: Հովիկ Աբրահամյանը Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի ուղեկցությամբ շրջել է մանկապարտեզով՝ ծանոթացել կատարված աշխատանքներին եւ երեխաների համար ստեղծված պայմաններին: Մանկապարտեզի հիմնանորոգման նպատակով ներդրվել է շուրջ 120 մլն դրամ, որի հիմնական մասը հատկացվել է Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի կողմից: Եվս 12 մլն դրամ ներդրվել է համայնքի բյուջեից: Ներկայում 120 երեխա ընդունելու հնարավորությամբ մանկապարտեզ է հաճախում 110 երեխա: Նախակրթարանը համալրվել է նոր գույքով եւ գրենական պիտույքներով:

Այնուհետեւ Հովիկ Աբրահամյանն այցելել է Զառիթափ համայնքի մոտակայքում կառուցվող սպանդանոցի շինհրապարակ՝ ծանոթացել շինարարական աշխատանքների ընթացքին: Սպանդանոցի բարձրակարգ սարքավորումները հատկացնելու է ՀՀ կառավարությունը՝ տրամադրելով 127 հազար ԱՄՆ դոլար: ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը զեկուցել է, որ մասնավոր-պետություն համագործակցությամբ կառուցվող սպանդանոցի շինարարության համար մասնավորը ներդրել է 265 հազար ԱՄՆ դոլար, սարքավորումները կներկրվեն մոտակա ժամանակներս, իսկ սպանդանոցը կսկսի գործել մինչ տարեվերջ:

ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության համաշխարհային կազմակերպության աջակցությամբ ՀՀ-ում ներկայում կառուցվում է 5 սպանդանոց՝ երկուսը՝ Կոտայքի մարզում, եւս մեկական սպանդանոցներ՝ Վայոց  ձորի, Լոռու եւ Արագածոտնի մարզերում: Ներկայում ընթանում են սպանդանոցների շինարարական աշխատանքները: Ծրագրի նպատակն է՝  Հայաստանի մի քանի մարզերում կազմակերպել մսամթերքի ապահով եւ հիգիենիկ արտադրություն:

Վարչապետի հաջորդ կանգառը եղել է մարզի սահմանամերձ Գոմք համայնքում, որտեղ բացվել է տեղի վերանորոգված համայնքային կենտրոնը: Վերջինիս վերանորոգումն իրականացվել է ՀՀ կառավարության եւ «Քաունթրփարթ ինթերնեշնլ» կազմակերպության համաֆինանսավորմամբ, ինչպես նաեւ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ: «Քաունթրփարթ ինթերնեշնլ» կազմակերպության կողմից համայնքում բացվել է կարի ֆաբրիկա՝ 11 կարի մեքենայով, որտեղ գյուղի կանանց ուսուցանվում են կարելու հմտություններ: Համայնքում պետական աջակցությամբ եւ մարզպետարանի կողմից վերջին ժամանակահատվածում իրականացվել է նաեւ դպրոցի վերանորոգում, պարարտանյութի, սերմացուի, վառելիքի բաշխում՝ շուկայականից ցածր գնով: Միջազգային կազմակերպությունների աջակցությամբ համայնքում ձեւավորվել է 37 կանանցից բաղկացած գյուղատնտեսական կոոպերատիվ, կառուցվել է 40 տոննա տարողությամբ մրգի սառնարան-պահեստարան եւ 400 քմ մակերեսով ջերմոց:

Գոմքից Հովիկ Աբրահամյանն ուղեւորվել է Զառիթափ, սահմանամերձ Նոր Ազնաբերդ եւ Խնձորուտ համայնքներ: Վարչապետը զրուցել է տեղի բնակչության հետ՝ ծանոթացել նրանց խնդիրներին, պատասխանել հետաքրքրող հարցերին: Բնակչության բարձրացրած հարցերը մեծամասամբ վերաբերում էին ոռոգման ջրագծի, ճանապարհների կառուցմանը, ուսանողների ուսման վարձերին եւ այլ: Կառավարության ղեկավարը խոստացել է երեք համայնքների ոռոգման ջրագծերի կառուցման աշխատանքները դարձնել առաջնահերթություն: Այդ նպատակով կառավարությունը կհատկացնի անհրաժեշտ միջոցներ: Հովիկ Աբրահամյանը հանձնարարել է կազմել Զառիթափի եւ Նոր Ազնաբերդի ոռոգման ջրագծերի նախագծանախահաշվային փաստաթղթեր եւ ներկայացնել կառավարություն: Խնձորուտի բնակչությանը վարչապետը տեղեկացրել է, որ տեղի ոռոգման ջրագծի կառուցման նպատակով գործադիրը հատկացրել է 41 մլն դրամ: Հովիկ Աբրահամյանը սահմանամերձ Խնձորուտ համայնքի ղեկավարին հանձնարարել է նաեւ ներկայացնել համայնքի ուսանողների ցանկը՝ նրանց ուսման վարձը կառավարության կողմից փոխհատուցելու նպատակով:

Վարչապետը բնակիչների հետ զրույցում նշել է, որ սահմանամերձ գյուղերը գտնվում են կառավարության ուշադրության կենտրոնում: Մասնավորապես, առաջիկայում կառավարությունը նախատեսում է սահմանամերձ համայնքներում հաստատել ազատ տնտեսական գոտի, ինչը կնպաստի ներդրումների ներգրավմանը եւ նոր աշխատատեղերի ստեղծմանը:

Նշված համայնքների բնակիչները շնորհակալություն են հայտնել կառավարության ղեկավարին՝ իրենց այցելելու, խնդիրները լսելու եւ դրանց համապատասխան լուծումներ տալու համար:

Վարչապետը զրուցել է նաեւ Խնձորուտ համայնքին մերձակա սահմանագոտում ծառայություն իրականացնող զինծառայողների հետ, հետաքրքրվել սահմանում տիրող իրավիճակով: Զինծառայողները վստահեցրել են, որ սահմանը հսկվում է ամենայն ուշադրությամբ եւ անառիկորեն: Կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել զինծառայողներին հայրենիքի սահմանները պաշտպանելու համար եւ մաղթել բարի ծառայություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ