Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, որն այսօր` հուլիսի 30-ին, ՀՔԾ-ում առերեսվել է իրեն «անպարկեշտ» առաջարկություն անելու մեջ մեղադրող Սուսաննա Հովհաննիսյանի եւ նրա ավագ որդու` Սամվել Հովհաննիսյանի հետ, ՀՔԾ-ից դուրս եկավ մոտ 7 ժամ անց:
Վալերի Օսիպյանը հրաժարվեց լրագրողների հարցերին պատասխանել` պարզաբանելով, որ ինքը ՀՔԾ-ում փաստաթուղթ է ստորագրել, որով պարտավորվել է չհրապարակել հարցաքննության վերաբերյալ որեւէ տեղեկատվություն: Փոխոստիականպետը նշեց, որ բոլոր հարցերին կպատասխանի գործի քննությունից հետո:
Վալերի Օսիպյանին ՀՔԾ-ից դուրս գալուց հետո վրդովմունքով դիմավորեց նրա հարեւանուհիներից Գոհար Կարապետյանը, որը, իր խոսքով, դեպքի հաջորդ օրը Սուսաննա Հովհաննիսյանի հետ գնացել է Վալերի Օսիպյանի տուն, լսել՝ ինչպես է փոխոստիկանապետը Սուսաննա Հովհաննիսյանին առաջարկել, որ նրա որդին մեղավորությունը վերցնի իր վրա:
«Ես իմ մարմինը ձեր տանը ցու՞յց եմ տվել։ Դանակահարությունը որովայնի շրջանում էր. ինչի՞ պիտի ես Ձեր տանն իմ բաց մարմինը ցույց տայի, ինչի դուք բժի՞շկ էիք։ Հերյուրանքներ մի տարածեք, միգուցե Դուք եք ձեր մարմինը էստեղ-էնտեղ ցույց տալիս»,- ասաց տիկին Գոհարը, որը նույն հարցն անընդհատ ուղղելով՝ քայլում էր Վալերի Օսիպյանի հետեւից։
Վալերի Օսիպյանն ասաց, որ նրա հարցը հարցաքննությանն է վերաբերում եւ դրան պատասխանել չի կարող, նա մի պահ նստեց մեքենան, ապա նորից իջավ։
Գոհար Կարապետյանը լրագրողներին բողոքեց, որ Վալերի Օսիպյանը հայտարարել է, թե ինքը նրանց տանն իր մարմինը բացել է, ցույց է տվել, թե Սեդրակ Օսիպյանը տուժող Վանուշ Ալեքսանյանի մարմնի որ մասն է դանակահարել։
«Ես ընդամենը շորիս վրայից ցույց եմ տվել, որ դանակահարությունը որովայնի ոչ թե աջ, այլ ձախ կողմում է եղել»,-ասաց նա։
Նշենք, որ հունիսի 1-ի գիշերը Նուբարաշենում վիճաբանություն էր տեղի ունեցել, ինչից հետո Նուբարաշենի բնակիչ, 22-ամյա Վանուշ Ալեքսանյանին տեղափոխել էին «Էրեբունի» բժշկական կենտրոն եւ վիրահատել: Ըստ ոստիկանության՝ դանակահարողը Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի եղբորորդին է՝ 22-ամյա Սեդրակ Օսիպյանը:
Նշենք, որ Սուսաննա Հովհաննիսյանը, որի որդին ներկա է եղել կռվին, ապրում է Վալերի Օսիպյանի տան հարեւանությամբ։ Նա աղմկահարույց հայտարարություն էր արել այն մասին, թե հունիսի 1-ին Դավիթաշենում Վալերի Օսիպյանի եղբորորդու մասնակցությամբ տեղի ունեցած դանակահարության դեպքից հետո փոխոստիկանապետն առաջարկել է, որ իր որդին` Սարգիս Հովհաննիսյանը, կատարվածի մեղավորությունը վերցնի իր վրա, իսկ փոխոստիկանապետը կօգնի, որ գործը «ջրեն»: Օսիպյանը հերքում է այս մեղադրանքը։