ՀՀ կառավարության աշխատակազմում քննարկվել է ավտոմեքենաների մաքսազերծման դյուրացման նախագիծը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց «Քաղաքացիական նախաձեռնություն» ՀԿ նախագահ, տաքսու վարորդների իրավունքները պաշտպանող Գեւորգ Դոստուրյանը: Նրա խոսքով, առաջարկվում է թեթեւ մարդատար ավտոմեքենաների՝ սահմանային անցակետում մասնավոր դիլերների կողմից մաքսազերծումը տեղափոխել երեւանյան Էրեբունի ավտոշուկա (խոշորագույնը հանրապետությունում):
«Մինչ ավտոմեքենան կանգնած կլինի շուկայում, այն մաքսային պահեստում գտնվելու կարգավիճակ կունենա: Այսինքն՝ առանց մաքսազերծման այն փոխադրել չի թույլատրվի: Սակայն հնարավոր կլինի այն ցուցադրել հաճախորդներին, քանի որ դա շուկա է: Նշանակում է՝ վաճառելն ավելի դյուրին կլինի: Երբ մեքենան վաճառեն, այն ժամանակ էլ կվճարեն մաքսազերծման համար: Իսկ երբ վճարում են սահմանին, ինչպես արվում է հիմա, իսկ վաճառում են հայտնի չէ՝ երբ, դիլերը կորցնում է շրջանառու միջոցները: Այդ նշանակում է, որ նրա համար դժվար է լինում նոր մեքենաներ գնել: Չնայած Էրեբունիում վաճառքով զբաղվող դիլերներն աղքատ չեն, սակայն հարուստ էլ չեն: Իսկ այս դեպքում դյուրին կլինի ե՛ւ վաճառողի, ե՛ւ գնորդի համար, քանի որ մեքենայի փաստաթղթային ձեւակերպումները հենց տեղում կարվեն»,- ընդգծեց Դոստուրյանը:
Նա նաեւ հավելեց, որ պետությունից ֆինանսական ոչ մի զիջում չի պահանջվում: Պետբյուջեից միակ ծախսը կլինի նոր կետում մաքսային ծառայողների աշխատավարձերի վճարումը: «Նույնիսկ գրասենյակի համար հարկավոր չէ վճարել: Շուկայի կառավարիչները կարող են անհրաժեշտ բոլոր տարածքները տրամադրել»,- հավելեց նա:
Գեւորգ Դոստուրյանի խոսքով, շուրջ 2 շաբաթ առաջ ինքն այս գաղափարը ներկայացրել է կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին: Հանդիպմանը մասնակցել է նաեւ Ֆինանսների փոխնախարար Արթուր Աֆրիկյանը: «Շատ ուրախ եմ, որ Դավիթ Հարությունյանին հետաքրքրել է առաջարկը: Խոստացան առաջիկայում պատասխանել մեզ: Արդյունավետ համագործակցության հույս ունենք»,- ամփոփեց Դոստուրյանը: