Երեւանի կենտրոնում նոր բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրի շինարարությունը պետք է ավարտվի մինչեւ 2017 թվականի հունվարի 1-ը: Կառավարությունն այսօրվա որոշմամբ այսպիսի ժամկետ է առաջադրել «Ավագշին» շինարարական ընկերությանը: Կառուցապատման համար տրամադրված տարածքը մայրաքաղաքի կենտրոնում է՝ Թումանյան, Նալբանդյան, Ավագ Պետրոսյան փողոցների եւ Սայաթ-Նովա պողոտայի միջեւ գտնվող հատվածում:
Ավելի վաղ ենթադրվում էր այնտեղ 16 հարկանի շինություն կառուցել, սակայն 2011 թվականի մայիսին բնակիչների կտրուկ բողոքներից հետո Կառավարությունը միջգերատեսչական խումբ էր ստեղծել, որն առաջարկել էր շենքի հարկերը նվազեցնել մինչեւ 7-ի:
Նոր շենքում տարածքի մի մասը տրամադրվելու է Հայաստանի Ոստիկանությանը, քանի որ այդ տարածքի քանդվող շինություններից մեկում գտնվում է Ոստիկանության վերահսկողության ներքո գործող «Երեխաների զարգացման կենտրոն»-ը:
Նշենք, որ չնայած Կառավարության որոշմանը կից գրավոր բացատրությունում նշվում է, որ համալիրի շուրջ տարածքը բարեկարգվելու է, շինհրապարակի մաքրման ժամանակ այդ բակում բոլոր ծառերը հատվել են: