News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի գլխավոր դատախազությունն ու Ազգային անվտանգության նախարարությունը իրավապաշտպան Լեյլա Յունուսի ձերբակալության կապակցությամբ հանդես են եկել համատեղ հայտարարությամբ: Գլխավոր դատախազության մամուլի ծառայությանը հղում կատարելով՝ haqqin.az-ը գրում է, որ հայտարարությունում նշվում է, թե «պարզվել է, որ Խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտը, որի հիմնադիրն ու տնօրենը Յունուսովա (Յունուս) Լեյլան է, 2002 թվականին, ի վնաս Ադրբեջանի ազգային շահերի, Դավիթ Շահնազարյանի, Լաուրա Շահնազարյանի (նկատի ունեն Լաուրա Բաղդասարյանին – խմբ.) հետ միասին, «Ռեգիոն» հետազոտությունների կենտրոնի եւ հայկական հասարակական այլ կազմակերպությունների հետ «ժողովրդական դիվանագիտության» համատեղ նախագծերի իրականացման պատրվակով միջազգային դոնոր կազմակերպությունների եւ հայկական հիմնադրամների տրամադրած բազմաթիվ դրամաշնորհներով քաղաքացիների են հավաքագրել՝ օտարերկրյա հատուկ ծառայությունների համար աշխատելու նպատակով: Այդ նպատակով Լեյլա եւ Արիֆ Յունուսները լրագրող Ռաուֆ Միրկադիրովի՝ Վրաստանի տարածքով Հայաստան բազմաթիվ այցեր են կազմակերպել: Այդ այցերի ընթացքում Արիֆ Յունուսն ու Ռաուֆ Միրկադիրովը հանդիպել են Հայաստանի ազգային անվտանգության նախկին նախարար Դավիթ Շահնազարյանի եւ հայկական հատուկ ծառայությունների վերահսկողության ներքո գտնվող այլ անձանց հետ:

Միաժամանակ, Լեյլա եւ Արիֆ Յունուսներն Ադրբեջանի քաղաքացիներին (անունները դեռեւս չեն նշվում) ներգրավել են՝ Հայաստանի հատուկ ծառայությունների հետ համագործակցության համար եւ նրանց հանձնարարել տեղեկություններ հավաքագրել Ադրբեջանի հասարակական-քաղաքական իրավիճակի, արդյունաբերության եւ էներգետիկայի, ռազմա-տեխնիկական ոլորտի վերաբերյալ, ինչպես նաեւ քարոզչություն են կատարել Լեռնային Ղարաբաղի անջատական ռեժիմը ճանաչելու օգտին՝ իբր այդ տարածքներն Ադրբեջանին վերադարձնելու նպատակով:

Այս ամենի շնորհիվ Լեյլա եւ Արիֆ Յունուսները հասել են նրան, որ լրագրող Ռաուֆ Միրկադիրովը տեղեկություններ է հավաքել զինվորական զորամասերի, օդանավակայանների եւ Ադրբեջանի ռազմավարական նշանակության այլ օբյեկտների մասին ու փոխանցել թշնամի պետության հետախուզության ներկայացուցիչներին:

Նշվում է, որ 2002 թվականի նոյեմբերի 21-ին Լեյլա Յունուսը 1996թ. մարտի 27-ին գրանցված «Ադրբեջանցի կանայք՝ հանուն Կովկասում խաղաղության եւ ժողովրդավարության» ՀԿ-ի պաշտոնական փաստաթղթերում կեղծ տեղեկություններ է մտցրել այն մասին, թե ինքը, իբր, հանդիսանում է այդ կազմակերպության տնօրեն, ինչը նրան հնարավորություն է ընձեռել «Unibank»-ում բացված այդ կազմակերպության հաշիվներից բանկային գործարքներ կատարել: Արդյունքում 2006-2014թ.թ. այդ ՀԿ-ի հաշվին ԱՄՆ-ի Ժողովրդավարության աջակցության ազգային հիմնադրամից (NED), Մարշալի գերմանական հիմնադրամից եւ այլ դոնոր կազմակերպություններից, ընդհանուր առմամբ, փոխանցվել է 167.199 մանաթ, 620.878 դոլար, 263.745 եվրո, որոնք ապօրինի կերպով կանխիկացվել են: Ապօրինի գործունեություն իրականացնելով՝ Լեյլա Յունուսն անօրինական դրամաշնորհային պայմանագրերից 526.943 մանաթ եկամուտ է ստացել՝ միաժամանակ խուսափելով 369.378 մանաթի չափով հարկ վճարելուց:

Միաժամանակ, Լեյլա Յունուսը 2009-2012թ.թ. փաստաթղթերը կեղծելու ճանապարհով 88.468 դոլար է կանխիկացրել, որոնք ԱՄՆ-ի Ժողովրդավարության աջակցության ազգային հիմնադրամ (NED), Մարշալի գերմանական հիմնադրամ եւ «OSİ Asistence Foundation» դոնոր կազմակերպություններից ստացվել են «Ադրբեջանցի կանայք՝ հանուն Կովկասում խաղաղության եւ ժողովրդավարության» ՀԿ-ի «Unibank»-ի հաշվին:

Այդ գումարից 71.000-ը Լեյլա Յունուսը փոխանցել է իր անձնական բանկային հաշվին, իսկ 2014 թվականի ապրիլի 24-ին այդ գումարը՝ տոկոսների հետ միասին, փոխանցել է նույն բանկում բացված իր ամուսնու՝ Արիֆ Յունուսի հավին: Ընդհանուր գումարը կազմել է 78.130 դոլար, որոնք անմիջապես փոխանցվել են չեխական Sberbank CZ կոմերցիոն բանկում բացված Արիֆ Յունուսի հաշվեհամարին»,- ասվում է հաղորդագրությունում:

Հիշեցնենք, որ Լեյլա Յունուսը մեղադրվում է Ադրբեջանի Քրեական օրենսգրքի հետեւյալ հոդվածներով. 217 հոդված (Հայրենիքի դավաճանություն), 178 (խաբեբայություն), 192 (ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն) եւ 213 (հարկերից խուսափում): Լեյլա Յունուսի ամուսնու՝ Արիֆ Յունուսի դեմ նույնպես քրեական գործ է հարուցվել՝ 274 (Հայրենիքի դավաճանություն) եւ 178 (խաբեբայություն) հոդվածներով: Դատարանն Արիֆ Յունուսին արգելել է հեռանալ երկրից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ