News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հուլիսի 30-ին Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն աշխատանքային այցով եղել է հանրապետության հարավարեւմտյան հատվածում տեղակայված զորամասերում: Շրջայցի ընթացքում պաշտպանական գերատեսչության ղեկավարին ուղեկցել են մի շարք բարձրաստիճան զինվորականներ եւ քաղաքացիական հատուկ ծառայողներ:

ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե աշխատանքային այցի շրջանակում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ներկա է գտնվել առաջին բանակային զորամիավորման զորամասերից մեկում անձնակազմի համար կառուցված նոր զորանոցի բացման հանդիսավոր արարողությանը:

Շնորհավորելով զորամասի զինծառայողներին՝  պաշտպանական գերատեսչության ղեկավարը համոզմունք հայտնեց, որ զորանոցի բացումը խթան կհանդիսանա նոր ուսումնական փուլում զորամասի առջեւ դրված խնդիրներն առավել մեծ պատասխանատվությամբ եւ հետեւողականորեն կատարելու համար: Սեյրան Օհանյանը հորդորեց նաեւ չմոռանալ, որ յուրաքանչյուր զինվորի անհատական պատրաստությունից, գիտելիքներից եւ մասնագիտական հմտություններից է կախված ամբողջ զինված ուժերի մարտունակությունը:

Շրջելով ժամանակակից բոլոր չափանիշներին համապատասխանող եւ անհրաժեշտ գույքով կահավորված նորակառույց շինության տարածքում` Սեյրան Օհանյանը բարձր է գնահատել կատարված աշխատանքն ու զինծառայողների համար ստեղծված կենցաղային եւ ուսումնական պայմանները:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարի աշխատանքային այցի հաջորդ կանգառը զորամասի զինավանում էր, որտեղ զինծառայողներին ծառայողական բնակարաններով ապահովման գործընթացի շրջանակում բնակարանամուտ են տոնել զորամասի 10  զինծառայողներ:

Շնորհավորելով բնակարանամուտի կապակցությամբ` Սեյրան Օհանյանը վստահեցրել է, որ զինծառայողների բնակարանային պայմանների բարելավումը մշտապես գտնվում է հանրապետության ու ՊՆ ղեկավարության ուշադրության կենտրոնում, եւ հնարավորության սահմաններում արվում է առավելագույնը, որպեսզի զինծառայողներն իրենց թիկունքում մշտապես զգան պետական հոգածությունը, զերծ լինեն կենցաղային խնդիրներից եւ բարեխղճորեն կատարեն ծառայողական պարտականությունները:

Նույն օրը Սեյրան Օհանյանը եղել է նաեւ հանրապետության հարավարեւմտյան հատվածում տեղակայված եւս մի քանի զորամասերում, տեղում ծանոթացել է իրականացվող լայնածավալ կապիտալ շինարարական աշխատանքներին, ճշտել է կառուցվող շինությունների շահագործման վերջնաժամկետները:

Աշխատանքային այցի շրջանակում պաշտպանության նախարարը ստուգել է նաեւ զորամասերի ուսումնանյութական բազան, տեխնիկական հագեցվածությունը, հետեւել է սպառազինության եւ ռազմական տեխնիկայի պահպանման ու նորոգման տարածքներում ընթացող աշխատանքներին: Սեյրան Օհանյանը աշխատանքներն առավել խորքային եւ արդյունավետ իրականացնելու ուղղությամբ համապատասխան ցուցումներ եւ հանձնարարականներ է տվել զորամասերի հրամանատարությանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ