News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայաստանում ՌԴ դեսպանատունը պաշտոնական դիրքորոշումն է ներկայացրել ԱՄՆ դեսպանատան հայտարարության առնչությամբ, որում կոչ է արվում դադարեցնել համագործակցել այն անձանց եւ ընկերությունների հետ, որոնց հանդեպ ամերիկյան եւ եվրոպական պատժամիջոցներ են սահմանվել:

«Կապված Հայաստանում ԱՄՆ դեսպանատան տարածած հայտարարության հետ, որը երկրի պետական եւ գործարար կառույցներին զգուշացնում է այն ռիսկերի մասին, որոնք կարող են առաջանալ ԱՄՆ պատժամիջոցների ցանկում հայտնված ռուսական ընկերությունների եւ ֆիզիկական անձանց հետ համագործակցության արդյունքում, ստիպված ենք ուշադրություն հրավիրել հետեւյալի հանգամանքի վրա:

Դիվանագիտական ներկայացուցչությանը չի սազում երկրի իշխանություններին մատնանշել, թե ում հետ եւ ինչպես պետք է կապ պահպանի, հատկապես՝ ինքնիշխան պետությանն ուղղված բառապաշարում օգտագործելով թույլ քողարկված սպառնալիք: Ենթադրում ենք, որ Հայաստանի գործարար շրջանակները նույնպես ի վիճակի են ինքնուրույն որոշել իրենց բիզնեսի հարցերը եւ օտարների հուշումների կարիքը չեն զգում:

Անհանգստություն ենք արտահայտում Հայաստանի Հանրապետությունում ռուսական բիզնեսի աշխատանքը դժվարացնելու՝ ամերիկյան փորձերի առնչությամբ: Հայաստանի տարածքում ներկայացված ռուսական բոլոր ընկերությունները, ներառյալ՝ «ՎՏԲ Հայաստան»-ն եւ «Առէքսիմբանկ»-ը, գտնվում են նրա իրավասության ներքո, աշխատում են այս երկրի օրենսդրության շրջանակում, եկամուտ են ստանում եւ հարկեր են վճարում նաեւ Հայաստանում՝ ապահովելով բնակչության զգալի հատվածի զբաղվածությունը:

Իսկ ռուսական ընկերությունների հետ շփումը դադարեցնելու կոչերը հերքում են ամերիկյան ներկայացուցիչների կեղծավոր հայտարարություններն այն մասին, որ պատրաստակամ են աջակցել Հայաստանի տնտեսության զարգացմանը: Այստեղ ԱՄՆ գործողություններում հստակ երեւում են նաեւ առեւտրա-տնտեսական անբարեխիղճ մրցակցության տարրեր:

Օգտվելով առիթից՝ ցանկանում ենք եւս մեկ անգամ շեշտել ԱՄՆ-ի կողմից ձեռնարկված հակառուսական պատժամիջոցների շինծու եւ անօրինական լինելը, որոնք ոչնչի չեն հանգեցնի՝ բացի ռուս-ամերիկյան հարաբերությունների հետագա բարդացումից եւ միջազգային հարցերում ծայրահեղ անբարենպաստ ֆոնի ստեղծումից: Իր ներկա վարքագծում «հետեւողականության» տպավորություն ստեղծելով՝ Վաշինգտոնն իրականում պարզապես փորձում է խուսափել Ուկրաինայում իրադարձությունների ողբերգական զարգացման պատասխանատվությունից եւ Ռուսաստանի հետ մաքրել հաշիվներն անկախ եւ իրեն անհարմար քաղաքականության համար»,- ասված է հայտարարությունում:

Նշենք, որ Երեւանում ԱՄՆ-ի դեսպանատունը նախազգուշացրել էր Հայաստանի կառավարությանը եւ գործարարներին, որ ռիսկեր կառաջանան պատժամիջոցների ենթարկված ռուսաստանցի պաշտոնյաների ու ընկերությունների հետ գործ ունենալու դեպքում: «Ազատության» հարցմանն ի պատասխան՝ Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանատնից փոխանցել էին. «Մենք բոլոր պետություններին ու նրանց ռեզիդենտներին հորդորում ենք հաշվի առնել իրենց բարի համբավի հետ կապված ռիսկը, որ կառաջանա պատժամիջոցների ենթարկված անձանց ու ընկերությունների հետ գործ ունենալու դեպքում, եւ դադարեցնել բոլոր գործարքները, որոնք հակասում են մեր եւ մյուսների կողմից առաջ քաշված պատժամիջոցներին: Ինչպես աշխարհի այլ երկրներում գործող ԱՄՆ դեսպանությունները, այնպես էլ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը վերջին պատժամիջոցների մասին տեղեկությունները փոխանցել է տեղի կառավարության ներկայացուցիչներին ու ընկերություններին»:

Դեսպանատան հաղորդագրությունում նաեւ նշված է․ - «Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական միջամտության, Ղրիմի բռնակցման ու Ուկրաինային ինքնիշխանության նկատմամբ շարունակվող ոտնձգությունների հետ կապված՝ հուլիսի 16-ին Միացյալ Նահանգները 13662 նախագահական հրամանագրով որոշակի պատժամիջոցներ է սահմանել ռուսական ութ ռազմարդյունաբերական ընկերությունների, երկու ֆինանսական կառույցների, երկու էներգետիկ ընկերությունների եւ մի խումբ ռուսական պաշտոնյաների ու ուկրաինական անջատողականների նկատմամբ: Այս քայլը ձեռնարկելուց առաջ Միացյալ Նահանգները բազմաթիվ հանդիպումներ է ունեցել՝ դրանք սերտորեն համակարգելով մեր շատ գործընկերների, այդ թվում ԵՄ-ի ու Յոթնյակի գործընկերների հետ, ովքեր նույնպես մատնանշել են անձանց, ովքեր պատասխանատու են արեւելյան Ուկրաինայում ստեղծված իրավիճակի համար»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ