News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը


Արտաշատի բժշկական կենտրոնում հուլիսի 30-ին մահացած ծնված երեխայի հարազատները պնդում են, որ դժբախտության մեջ մեղավոր է ծնունդն ընդունած բժշկուհի Կարինե Հովհաննիսյանը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ծննդկանի՝ Արեւշատ գյուղի 28-ամյա բնակչուհի Եպրաքսյա Գրիգորյանի սկեսուրը՝ Կարինե Միքայելյանը։

 «Եղածը եղած է, էլ ո՞ւմ բողոքենք, բայց բժշկուհին մեղավոր է, թող իր մեջ գտնի իր մեղքը։  Եթե կեսարյան հատում անեին, կարող էին երեխայի կյանքը փրկել, ես ինքս էլ բուժակ եմ, հասկանում եմ՝ ինչն ինչոց է»,- ասաց նա։

Կարինե Միքայելյանը նշեց, որ հարսը հղիության ընթացքում խնդիրներ չի ունեցել, հատկապես վերջին մի ամսում ամեն ինչ նորմալ է եղել. «Չեմ հասկանում՝ ի՞նչ խնդիրներ կարող էին առաջանալ, որ խնդիր լիներ, բժիշկները շուտ կտեղեկացնեին»։

Եպրաքսյա Գրիգորյանի ամուսնու եղբոր կինն էլ՝ Մերի Հովսեփյանն ավելացրեց, որ երեխայի ծնվելուց 20 րոպե առաջ երեխան կենդանի է եղել. Եպրաքսյան զգացել է երեխայի շարժը։

«Ամեն ինչ նորմալ է եղել, երբ վերջին անգամ Եպրաքսյան գնացել է կոնսուլտացիայի։ 10 եւ 8 տարեկան տղաներ ունի, շատ դժվար է իրենց համար, 8 տարի չէր ունեցել երեխա, շատ սպասված էր, նամանավանդ, որ աղջիկ էր, ու այսպես ստացվեց»,-ասաց նա։

Ծնունդն ընդունած բժշկուհին ՝ Կարինե Հովհաննիսյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ  ամենայն հավանականությամբ պորտալարը պարանոցին փաթաթվելու պատճառով է երեխան մահացել։

«Եպրաքսյային ընդունել ենք հղիության 38-րդ շաբաթում, հուլիսի 30-ի առավոտյան ծննդաբերել է, երեխան մահացած է ծնվել։ Երեխայի պորտալարը վզին է փաթաթված եղել, երեւի կոնքոսկրի նեղ  հատվածով դուրս գալու պահին էլ առաջացել է մահ, բայց դա փորձաքննությունը կհաստատի»,-ասաց նա։

Կարինե Հովհանիսյանը նաեւ նշեց, որ Եպրաքսյա Գրիգորյանի պտղի մոտ եղել է ներարգանդային աճի դանդաղում, քանի որ հասուն պտուղը 2,5 կգ է լինում, իսկ մահացած պտուղը 2,2 կգ է կշռել՝ 46 սմ հասակով։

«Նման բան պիտի չլիներ, գոնե 2.5կգ-ից ավելի պիտի լիներ երեխայի քաշը, այսինքն՝ դա խոսում է մոր տարած ներարգանդային ինֆեկցիաների մասին, բացի դրանից էլ կանանց կոնսուլտացիայի ուղեգրի մեջ նշված էր, որ ինքը տարել է սնկային կորբիտ, որի կապակցությամբ ինքը բուժում է ստացել, բացի այդ՝ 8 տարի ինքը չի հղիացել, եւ դա էլ է խոսում իր տարած ինչ-որ ինֆեկցիաների մասին»,- ասաց Կարինե Հովհաննիսյանը։

Արտաշատի ԲԿ մանկաբարձագինեկոլգիական բաժանմունքի վարիչ Զեմֆիրա Նավասարդյանը երեխայի մահվան պատճառի երկու վարկած ներկայացրեց. «Իմ ենթադրությամբ՝ կամ պորտալարի փաթաթման պատճառով է երեխան մահացել, կամ պտղաջրերը բաց թողնելուց հետո դրանք կուլ տալու պատճառով։ Մահացած պտուղն ընկերքի հետ արդեն ուղարկել ենք փորձաքննության, արդյունքները 15 օրից կստանանք»։

Նշենք, որ Եպրաքսյա Գրիգորյանն այսօր դուրս է գրվել հիվանդանոցից։

Տպել
Ամենաշատ