News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Առավոտն» անդրադարձել է Լեւոն Հայրապետյանի կալանավորմանը:

«Դժվար չէ գլխի ընկնել՝ ինչ նպատակ է հետապնդում հարուցված գործը, եւ ինչ մտադրությամբ է կալանավորվել Լեւոն Հայրապետյանը:

Հայտնի է, որ խնդրո առարկան «Բաշնեֆթ» ընկերության ակտիվներն են: 2010 թվականին ընկերության հսկիչ փաթեթը ձեռք է բերել «Սիստեմա» խումբը: Գործարքի ժամանակ միջնորդական ծառայությունները մատուցել է Լեւոն Հայրապետյանը: Այժմ Ռուսաստանի իրավապահները համարում են, որ գործարքը կայացել է ՌԴ օրենսդրության պահանջների խախտմամբ, ինչի հանգամանքներն ուսումնասիրվում են քրեական գործի շրջանակներում, եւ Լեւոն Հայրապետյանին ներկայացրել են մեղադրանք, որը թեեւ մինչեւ վերջ հստակ չէ, բայց պարունակում է փողերի լվացման հատկանիշներ:

Ի՞նչը փոխվեց վերջին 4 տարիներին, որ «Բաշնեֆթը» կրկին հայտնվեց ուշադրության կենտրոնում: Միակ լուրջ փոփոխությունը նավթի շուկայում գրանցվող տեղաշարժերն են: ԽՍՀՄ փլուզումից հետո նավթի շուկան Ռուսաստանում ազատականացվեց, եւ ի հայտ եկան մեկ տասնյակից ավելի ընկերություններ: Այս բազմազանությունն անցած 20 տարիներին հնարավորություն չէր տալիս, որ ընկերություններից որեւէ մեկը դառնա համաշխարհային նշանակության խաղացող: Օրինակ՝ գազի շուկայում «Գազպրոմի» մենաշնորհային դիրքը ապահովել էր այդ ընկերության անդրազգային ազդեցությունը, մինչդեռ նավթային կազմակերպություններից որեւէ մեկը նման ազդեցության մասին երազել չէր կարող:

2012 թվականին պետական «Ռոսնեֆթ» ընկերության նախագահ նշանակվեց Իգոր Սեչինը: Այս նշանակումից հետո ռուսական նավթի շուկայում սկսվեց «Ռոսնեֆթի» կողմից ագրեսիվ կլանման քաղաքականություն: Վերջին երկու տարում կազմակերպությունը տիրացել է ՅՈԻԿՕՍ-ի նախկին բոլոր ակտիվներին, ձեռք է բերել խոշոր խաղացողներից ТНК-BP ընկերության ակտիվները եւ բազմաթիվ փոքր ու միջին ընկերություններ: Համատեղ ձեռնարկության հիմնմամբ ընկերությունը կլանեց նաեւ «Իտերային»: Որոշ գնահատականներով՝ այս կլանումների արդյունքում արդեն «Ռոսնեֆթը» տիրապետած պաշարներով դարձել է աշխարհի խոշորագույն հրապարակային նավթային կազմակերպությունը:

Ակնհայտ է, որ ակտիվների կոնսոլիդացմամբ (որն առանց ՌԴ իշխանությունների իմացության ու օժանդակության չի կարող լինել) Ռուսաստանում ձգտում են «Ռոսնեֆթը» դարձնել համաշխարհային նշանակության էներգետիկ գիգանտ:

Այս համատեքստում էլ կարելի է բացատրել, թե ինչով է պայմանավորված «Բաշնեֆթի» նկատմամբ ռուս իրավապահների հետաքրքրությունը: Այդ ընկերությունը հանդիսանում է մոտ երկու տասնյակ ընկերությունների սեփականատերը, որոնք գործունեություն են ծավալում նավթի արդյունահանման, վերամշակման, տեղափոխման բնագավառում: Առկա միտումների պայմաններում դժվար չէ գլխի ընկնել, թե ով է ներկայումս հարուցված քրեական գործի իրական շահառուն եւ որն է նպատակը:

Նշված ենթադրությունը հիմնավորվում է նաեւ այն պարզ իրողությամբ, որ հարուցված քրեական գործի շրջանակներում Լեւոն Հայրապետյանը միակ կալանավորված անձն է: Գործարքի մյուս մասնակիցներն ընդամենը վկայի կարգավիճակով են հարցաքննվում»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ