Վախեցած ադրբեջանական գործիչները՝ ձերբակալված իրավապաշտպան Լեյլա Յունուսի նախկին գործընկերները, շտապում են նրա հասցեին քննադատություն հնչեցնել: Հիշեցնենք, որ Լեյլա Յունուսին մեղադրում են Հայաստանի հատուկ ծառայությունների հետ համագործակցության համար: Իրավապաշտպանի ձերբակալությունը դատապարտել են միջազգային մի շարք կազմակերպություններ եւ ԱՄՆ պետքարտուղարությունը:
Ըստ haqqin.az-ի, հասարակական եւ քաղաքական մի խումբ գործիչներ հանդես են եկել աղմկոտ հայտարարությամբ, որում դատապարտել են Լեյլա Յունուսին, ով «դուրս է եկել ազգային դավաճանության եւ հայկական հատուկ ծառայությունների հետ բացահայտ համագործակցության ուղի»:
Տարբեր տարիների Լեյլա Յունուսի հետ ազգային շարժման մեջ, իրավապաշտպան եւ ժողովրդավարական ճամբարում հանդես եկող մարդկանց կարծիքով, «չափազանց կործանարար է, երբ մարդն անձնական մանրախնդիր շահերի համար իրեն թույլ է տալիս մտածել Հայրենիքի դավաճանության մասին»:
Լեյլա Յունուսին քննադատողների թվում են քաղաքական գործիչ Թահիր Քերիմլին՝ «Վահդատ» կուսակցության նախագահը, որին Յունուսն անդամակցել է 1990-ականների վերջին, Արազ Ալիզադեն՝ Սոցիալ-դեմոկրատական կուսակցության նախագահ, որին էլ իրավապաշտպանն անդամակցել է 1990-ականների սկզբին, պատգամավոր Ֆարաջ Գուլիեւը եւ այլք: Լեյլա Յունուսին դատապարտում են նաեւ նրա գործընկերները՝ իրավապաշտպան եւ Կտտանքների դեմ հանձնաժողովի նախագահ Էլչին Բեհբուդովը, իրավապաշտպան եւ լրագրող Ազեր Հասրեթը, հրապարակախոս Ագիլ Աբբասը, իրավապաշտպան Չինգիզ Գանիզադեն, հասարակական գործիչ Ռուֆիզ Գոնագովը, անկախ հասարակական գործիչ Ումուդ Ռահիմօղլուն եւ այլք:
«Ինչպե՞ս հանդես գանք ի պաշտպանություն մեկի, ով թշնամու հետ հաշտության կոչ է անում, երբ մեր զինվորները զոհվում են ռազմի դաշտում»,- վրդովվում են ձերբակալված իրավապաշտպանի գործընկերները:
Հատկանշական է, որ վերոնշյալ «քննադատներից» ոմանք հայտնվել են «պոռնոշանտաժի» մասին «Թուրան» գործակալության հարցման մեջ: Նրանց թվում են Արազ Ալիզադեն եւ Էլչին Բեհբուդովը:
Միաժամանակ, այսօր որոշվել է Լեյլա Յունուսի իրավունքների պաշտպանության հանձնաժողով ստեղծել: