Հայաստանում լավ եւ ոչ թանկ հյուրանոցներ քիչ կան: Այս մասին օգոստոսի 1-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Հայաստանի սպառողների ասոցիացիա» ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանը:
«Ոչ բոլորն են արձակուրդը Հայաստանում անցկացնում, բայց ես շատ եմ ուրախանում, երբ լսում եմ, որ ինչ-որ մեկը որոշել է տանը հանգստանալ: Չէ՞ որ մենք իսկապես բազմաթիվ հիասքանչ վայրեր ունենք ե՛ւ Հայաստանում, ե՛ւ Արցախում, ուր կարելի է այցելել: Նույնիսկ Երեւանից ոչ հեռու»,- ասաց Պողոսյանը:
Նա նաեւ հավելեց, որ ոչ միշտ է հասկանալի, թե ինչու են Հայաստանում հյուրանոցներն այդքան բարձր գներ սահմանում (30 դոլարից ոչ պակաս՝ նույնիսկ միջին կարգի հյուրանոցներում)՝ դրա հետ մեկտեղ բավական համեստ ծառայություններ առաջարկելով:
«Ցավոք, մենք այստեղ հիմնավորում չենք տեսնում: Իսկ արդյունքում համեստ աշխատավարձով ընտանիքը չգիտի, թե ուր գնա ամռանը, որպեսզի ունեցած գումարը բավականացնի»,- նշեց Արմեն Պողոսյանը: