News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող «Ոչ թալանին»  նախաձեռնության անդամները այսօր՝օգոստոսի 1-ին, ժամը 19:00-ից հավաքվել են Մատենադարանի մոտ՝ մոմերով երթ անկացնելու համար՝ այդ կերպ իրենց բողոքը  հայտնելով օգոստոսի 1-ից  էլեկտրաէներգիան 4 դրամ թանկացնելու որոշման դեմ:

 «Լուսավորենք խավարը» խորագրով մոմերով երթի մասնակիցները իրենց հետ բերել են մոմեր, որպեսզի վառվող մոմերով երթ անցկացնեն դեպի Հանրապետության հրապարակ:

«Մի կերպ հեռացեք, մնացել եք, որ ի՞նչ անեք» գրությամբ պաստառը ցուցարարների պատասխանն է Էներգետիկայի նախարար Երվանդ Զախարյանին, որը հիշեցնենք նախօրեին Կառավարության առջեւ ծեր կնոջ հարցադրմանը, թե ինչպես պետք է իր նման թոշակառուները վճարեն օգոստոսի 1-ից թանկացող էլէկտրաէներգիայի համար, պատասխանել էր. «Մի կերպ»:

« Քաղաքացիների մեծ մասը դժվարությամբ է ապրուստ վաստակում, ու մի կերպ վճարելու մասին պարզապես ավելորդ է խոսել: Չմոռանանք, որ թանկացումն իր հետ թանկացումների շղթա է բերելու: Մեկ տարվա ընթացքում փաստացի 40 տոկոսով թանկացել էլեկտրաէներգիան »,- լրագրողների հետ զրույցում աաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը, որը նույնպես մասնակցում է մոմերով երթին:

Նրա խոսքով, ԲՀԿ  պատգամավորները բազմիցս դիմել են Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, սակայն այդպես էլ չեն ստացել սպառիչ պատասխան թանկացման հիմնավորումների վերաբերյալ:

Նշենք, որ Մատենադարանի մոտ են նաեւ «Ժառանգություն» կուսակցության անդամներ Րաֆֆի Հովհաննիսյանը, Արմեն Մարտիրոսյանը, Անահիտ Բախշյանը, Դավիթ Սանասարյանը:

Երթը դեռ չէր մեկնարկել, երբ Մատենադարանի հարակից տարածքով սլացավ Սերժ Սարգսյանի ավտոշարասյունը, եւ հավաքվածները սկսեցին սուլել։

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ երթի մասնակիցների թիվը գնալով ավելանում է, ակցիան հսկում են մեծ թվով ոստիկաններ: Երթի կազմակերպիչները կոչ են արել քաղաքացիներին միանալ իրենց նախաձեռնությանը՝ երթի ընթացքում անջատելով էլեկտրաէներգիան:

«Լուսավորենք խավարը» խորագրով  միաժամանակյա երթեր են անցկացվում Կապանում, Գավառում, Շիրակի մարզում:

Նշենք, որ երթի նպատակը կառավարությունից պահանջելն է, որպեսզի ստեղծեն անկախ հանձնաժողով ՀԾԿՀ ընդունած որոշումը վերանայելու համար եւ մինչեւ հանձնաժողովի աշխատանքների ավարտը անփոփոխ թողնեն էլեկտրաէներգիայի սակագինը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ