News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Սա ոչ միայն թանկացում է, այլ հերթական խաբեություն, որն էապես ազդում է ժողովրդի սոցիալական վիճակի վրա: Այս մասին այսօր՝ օգոստոսի 1-ին, Մատենադարանի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող «Ոչ թալանին» նախաձեռնության կազմակերպած «Լուսավորենք խավարը» խորագրով մոմերով երթին մասնակցելու եկած, «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:

Արձագանքելով Էներգետիկայի նախարարի Երվանդ Զախարյանի աղմուկ բարձրացրած «մի կերպ պետք է վճարեք» արտահայտությանը՝Րաֆֆի Հովհաննիսյանը առաջարկեց, որպեսզի «Ոչ թալանին»  նախաձեռնության անդամները պահանջ ներկայացնեն իշխանություններին գիշերը անջատել պետական բոլոր շենքերի լույսերը. «Սա իրենց լույսը չի, ժողովրդի լույսն է»:

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ երթի նախաձեռնողները ցանկացողների ձեռքին ջրաներկով գրում են՝«Ոչ թալանին», մասնակիցների թիվը գնալով ավելանում է: Երթի մասնակիցները նախապես հայտարարված երթուղով՝ Մատենադարանից վառվող մոմերով  եւ ինքնաշեն լամպերով շարժվում են դեպի Հանրապետության հրապարակ, այնտեղից էլ Ազատության հրապարակ:

NEWS.am-ի թղթակցի հաղորմամբ, երթն արդեն մեկնարկել է, ակցիայի մասնակիցները «Ոչ թալանին» վանկարկելով շարժվում են Մաշտոցի պողոտայով եւ փակել են պողոտայի երթեւեկելի հատվածի մի մասը, ոստիկանները ուղեկցում են նրանց, բայց առայժմ չեն միջամտում:

Նշենք, որ երթին մանսակցում են նաեւ «Ժառանգություն» կուսակցության անդամներ Րաֆֆի Հովհաննիսյանը, Արմեն Մարտիրոսյանը, Անահիտ Բախշյանը, Դավիթ Սանասարյանը, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը: Անահիտ Բախշյանը քայլում է առաջին շարքում՝ ցուցապաստառը ձեռքին եւ անցորդներին կոչ է անում  միանալ իրենց։

«Լուսավորենք խավարը» խորագրով  միաժամանակյա երթեր են անցկացվում Կապանում, Գավառում, Շիրակի մարզում:

Հիշեցնենք, որ ՀԾԿՀ որոշմամբ օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիան ՀՀ սպառողների համար թանկացել է 4 դրամով: Նշենք, որ երթի նպատակը կառավարությունից պահանջելն է, որպեսզի ստեղծեն անկախ հանձնաժողով ՀԾԿՀ ընդունած որոշումը վերանայելու համար եւ մինչեւ հանձնաժողովի աշխատանքների ավարտը անփոփոխ թողնեն էլեկտրաէներգիայի սակագինը:

Տպել
Ամենաշատ