News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 16
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի կողմից նման սադրանքները կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ միջազգային կազմակերպությունների փաստաթղթերում եւ կոչերում չեն նշվել լարվածության սրման կոնկրետ նախաձեռնողներն ու մեղավորները: Այս մասին իր նամակում նշել է ԵԱՀԿ ԽՎ-ում Հայաստանի ԱԺ պատվիրակության ղեկավար

Արտաշես Գեղամյանը, որն ուղղված է ԵԱՀԿ ԽՎ նախագահ Իլկա Կաներվային եւ

ԵԱՀԿ ԽՎ Հարավային Կովկասի գծով հատուկ ներկայացուցիչ Ժոաո Սոարեշին:

Նամակում ասվում է.

«Այսօր՝ ս.թ. օգոստոսի 5-ին, ուշադիր ուսումնասիրեցի Ռիչարդ Սոլաշի «OSCE PA South Caucasus Representative urges fresh commitment from all sides to Nagorno-Karabakh resolution» նամակը։

Սրտանց երախատապարտ եմ այն տագնապի եւ խոր մտահոգության համար, որ ցուցաբերել եք ղարաբաղա-ադրբեջանական զինված ուժերի շփման գծում, ինչպես նաեւ հայ-ադրբեջանական պետական սահմանին Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրահրվող եւ չթուլացող ռազմական լարվածության առիթով։ Ադրբեջանական զինված ուժերը շարունակում են հայկական ուժերի դիրքերը ներթափանցելու եւ դիվերսիոն գործողություններ իրականացնելու փորձերը, ինչպես նաեւ չեն դադարեցնում Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակավայրերի գնդակոծությունը։ Հայկական զինված ուժերի պատասխան գործողությունների արդյունքում ադրբեջանական կողմը, անհամեմատ ավելի մեծ մարդկային կորուստներ կրելով, հետ է շպրտվել (ցավոք, վերջին օրերին կորուստներ է կրել նաեւ հայկական կողմը)։

Ուզում եմ Ձեր ուշադրությունը հրավիրել այն հանգամանքի վրա, որ Ադրբեջանի ղեկավարությունը լիովին անտեսում է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի քսաներեքերորդ ամենամյա խորհրդաժողովում ընդունված Բաքվի հռչակագրի պահանջները։ Հիշեցնեմ, որ ԵԱՀԿ ԽՎ Հռչակագրում ընդգծվում է «Հելսինկյան եզրափակիչ ակտում ամրագրված՝ սահմանները եւ տարածքային ամբողջականությունը չխախտելու, վեճերը խաղաղ կարգավորելու, ժողովուրդների իրավունքների հավասարության եւ ինքնորոշման սկզբունքներին հետեւելու կարեւորությունը»։

Նշեմ, որ այս խմբագրումը ԵԱՀԿ ԽՎ Առաջին կոմիտեի բանաձեւի նախագիծ է մտցվել հայկական պատվիրակության կողմից։ Հիշեցնեմ նաեւ, որ ադրբեջանական պատվիրակությունը՝ հանձին իր ղեկավարի, դեմ է արտահայտվել մեր պատվիրակության այս լրացմանը։ Սա ակնհայտորեն վկայում է այն մասին, որ, դեմ լինելով վեճերի խաղաղ կարգավորմանը, ժողովուրդների իրավունքների հավասարությանն ու ինքնորոշմանը, ադրբեջանական իշխանությունները դեռ ս.թ. հունիսի վերջից ծրագրել էին լայնածավալ ռազմական սադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության դեմ։ Այս առնչությամբ կուզենայի նշել, որ Ադրբեջանի կողմից նման սադրանքները կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ միջազգային կազմակերպությունների եւ նրանց ղեկավարների փաստաթղթերում եւ կոչերում չեն նշվի Հարավային Կովկասի տարածաշրջանում լարվածության սրման կոնկրետ նախաձեռնողներն ու մեղավորները, այսինքն՝ Ադրբեջանի իշխանությունները։ Նման եզրահանգում անելու հիմք են տալիս այն համոզիչ ապացույցները, որոնք ամրագրված են Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության պաշտոնական կայքում (www.mil.am) զետեղված տեսանյութերում եւ լուսանկարներում։

ԵԱՀԿ ԽՎ մեծարգո պարոն նախագահ Իլկա Կաներվա, հարգելի պարոն հատուկ ներկայացուցիչ Ժոաո Սոարեշ, նամակս ուզում եմ ավարտել Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության 2014թ. օգոստոսի 3-ի հայտարարությունից արված մեջբերմամբ. «ՀՀ պաշտպանության նախարարությունն ափսոսում է երկուստեք կորուստների համար, որի ողջ պատասխանատվությունը մնում է Ադրբեջանի ռազմաքաղաքական եւ ռազմական ղեկավարության խղճին: Ինչպես միշտ, ադրբեջանական ղեկավարության համար սեփական զինվորների կյանքը ոչինչ չարժե:

 Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարությունը հիշեցնում է, որ Ադրբեջանի ԶՈւ նման գործելակերպն ամբողջովին հակասում է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում հակամարտության կարգավորման բանակցությունների ոգուն ու տրամաբանությանը եւ կրկին կոչ է անում ադրբեջանական կողմին` զերծ մնալ իրավիճակի հետագա սրմանն ուղղված քայլերից ու վրեժխնդրությամբ տրամաբանված գործողություններից: Հրադադարի խախտման ցանկացած դեպք այսուհետ պատժվելու է ամենայն խստությամբ»:    

Որպես ԵԱՀԿ Խորհրդարանական ժողովում Հայաստանի Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար՝ վստահություն եմ հայտնում, որ Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության խորհրդի Հելսինկյան եզրափակիչ ակտի ընդունման 40-ամյակի շեմին ԵԱՀԿ ԽՎ-ն կսատարի ԵԱՀԿ Մինսկի խմբի, Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Ազատի Սարգսյանի՝ Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերին՝ ԵԱՀԿ ԽՎ Բաքվի հռչակագրին (2014թ.), ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների նախագահների հինգ հայտարարություններում ներկայացված սկզբունքներին համապատասխան։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵԱՀԿ գործող նախագահը հայտնել է ՀՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ «նոր իրողությունների մասին»
Բորգը հայտնել է նոր իրողությունների մասին...
Բայրամովը կրկնում է Ալիեւին. Մինսկի խմբի մանդատը սպառվել է եւ կրում է հնացած բնույթ
Մինսկի խմբի մանդատը սպառվել է...
Ալիեւը պահանջել է «լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը»
Ալիեւը պահանջել է լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը...
Բորջը Հայաստանում ընդգծել է ԵԱՀԿ անսասան հանձնառությունը խաղաղության խթանմանը. ԵԱՀԿ հաղորդագրությունը
ԵԱՀԿ-ն պատրաստ է ավելի ակտիվ մասնակցություն ունենալ, աջակցել մարդկային տառապանքները հաղթահարելու և մարդկանց համար ավելի լավ ապագա...
Հայաստանը որդեգրել է և հավատարիմ է խաղաղության օրակարգին. Ալեն Սիմոնյանը՝ ԵԱՀԿ նախագահին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 13-ին ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահ...
ՀՀ արտգործնախարարը տեղեկացրել է ԵԱՀԿ գործող նախագահին Ալմաթիի հանդիպման արդյունքների մասին
Միրզոյանը տեղեկացրել է Բորգին...
Ամենաշատ