News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 14
Տեսնել լրահոսը

Օգոստոսի 10-ին Տավուշի մարզի Այգեպար գյուղում հակառակորդի խոշոր տրամաչափի գնդացիրից արձակված կրակոցների հետեւանքով ամբողջովին այրված տան բնակիչ 78-ամյա Արշալույս Գեւորգյանն այժմ կնոջ եւ հաշմանդամ որդու հետ հարեւանի տանն է բնակվում։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 11-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Այգեպարի գյուղապետ Անդրանիկ Այդինյանը։

«Կրակոցները սկսվեցին գիշերը ժամը 2։00-ին, կրակում էին խոշոր տրամաչափի գնդացիրներով։ Կրակոցներից բռնկվեց Վարդազարյան Վանոյի տան տանիքը, այնուհետեւ կրակը տարածվեց՝ բռնկելով Արշալույս Գեւորգյանի տունը։ Արշալույսը, նրա կինն ու տղան այդ պահին քնած են եղել պատսպարանում։ Կրակը արագ տարածվեց ու մենք չկարողացանք ոչ մի բան անել։ Ամբողջ կահույքը այրվեց, տուն չկա, տունը վերջացել է»,-ասաց գյուղապետը։

Գյուղապետի խոսքով՝ մյուս այրված տան սեփականատեր Վանո Վարդազարյանը հրդեհի ժամանակ գյուղում չի եղել, բուժման նպատակով մի շաբաթով կնոջ հետ մեկնել էր արտերկիր։ Անդրանիկ Այդինյանը նշեց, որ դեռ ոչ մի տեղից օգնություն չեն ստացել եւ դեռ չգիտեն՝ թե որտեղ է ապրելու Արշալույս Գեւորգյանն իր ընտանիքի հետ։

Տուժած ընտանիքին օգնելու համար Կոնվերս բանկում բացվել է հաշվեհամար՝ 1930044804170100։

Ինչպես հայտնել էր արտակարգ իրավիճակի նախարարությունը, օգոստոսի 10-ին, ժամը 04.20-ին ահազանգ էր ստացվել, որ հրդեհ է բռնկվել Տավուշի մարզի Այգեպար գյուղի տներից մեկում: Ճանապարհի վտանգավոր լինելու պատճառով, դեպքի վայրից մոտ 600 մ հեռավորության վրա, հրշեջ հաշվարկը դադարեցրել էր ընթացքը եւ իրականացրել հերթապահություն: Ամբողջությամբ այրվել են 130քմ. մակերեսով Ա. Վ.-ին եւ 120քմ. մակերեսով Ա. Գ.-ին պատկանող տները, հրդեհն ինքնամարվել է:

Հայաստանի ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն էլ հայտնել էր, թե հակառակորդը տարբեր տրամաչափի զենքերից ու հատկապես այրող փամփուշտներով կրակել է Տավուշի մարզի Վազաշեն, Այգեպար եւ մի քանի այլ գյուղերի ուղղությամբ: ՀՀ ԶՈւ-երի շեշտակի պատասխանից հետո, որը եղել է միայն իրենց դիրքերի ուղղությամբ, կրակը դադարեցրել են, նշել էր Հովհաննիսյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ