Նոյեմբերի 5-ին Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած բախումից հետո ձերբակալված Հայկ Հարությունյանը «Նեմգուտալ» դեղամիջոցը, որը ոստիկանները խուզարկությունից հետո հայտնաբերել էին նրա տանը, ձեռք է բերել 1993թ.-ին՝ շանը բուժելու ժամանակ։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 15-ին, Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում նոյեմբերի 5-ին ձերբակալված Շանթ Հարությունյանի եւ նրա ընկերների գործով դատական նիստին իր ցուցմունքում ասաց ամբաստանյալը, որին բացի խուլիգանությունից՝ առաջադրվել է նաև թմրամիջոց կամ հոգեմետ նյութեր ապօրինի ձեռքբերելու ու պահելու մեղադրանք։
«Դա նախատեսված է եղել կենդանիների բուժման համար, դա պետք էր 5 կիլոգրամանոց կենդանուն անշարժացնելու համար։ Ես մանագիտությամբ կենսաբան եմ, ծանոթ եմ նյութերին։ Գնացի «Վերնիսաժի» շուկա, հարցրեցի էդ դեղի համար, մի բժիշկ էր՝ Անդրեյ անունով, եկավ մեր տուն, դրեց, մաքրեց ականջը, հետո էլ թողեց մի քիչ, ասաց՝ մի անգամ օգտագործելու նյութ կա, կարող ա պետք լինի թող մնա։ Էդ 1993-1994 թվականներին էր: Անդրեյը բոյով, ռուսի նման սլավոնական արտաքինով տղա էր»,- պատմեց Հայկ Հարությունյանը։
Հայկ Հարությունյանը դատարանին նաեւ հայտնեց, որ դեպքի հետո հանձնել է անալիզներ եւ արյան մեջ ոչինչ չեն հայտնաբերել, թմրանյութ նա չի օգտագործել։
Անդրադառնալով նոյեմբերի 5-ի դեպքերին՝ ամբաստանյալը պատմեց, որ տեսել է, թե ինչպես է քաղաքացիական հագուստով ոստիկանը փորձել ամբաստանյալ Վահե Մկրտչյանին խեղդել. «Վահիկին նստացրել էին նստարանի վրա, թիկունքին կանգնած էին «հրեշտակ»-ները, մի հոգի էլ կողքը նստած, քաղաքացիական հուգուստով խեղդում են Վահիկին։ Ասում եմ՝ ո՞վ ես ներկայացիր, ինքը լռում էր, բան չէր ասում, ոչ մեկը չէր պատասխանում, հետո ինձ էլ տարան «զաբոր»-ների մոտ»։
Նշենք, որ այսօր ցուցմունք են տալիս գործով ամբաստանյալները:
Հիշեցնենք, որ Շանթ Հարությունյանը 2013թ. նոյեմբերի 5-ին, իր մոտ հարյուր աջակիցների հետ Գայ Ֆոքսի դիմակներով «Անոնիմուսների երթ» էր սկսել դեպի նախագահի նստավայր։ Սակայն ոստիկանները Մաշտոցի պողոտայում կասեցրել էին երթը, տեղի էին ունեցել բախումներ, հնչել էին պայթյուններ, ոստիկանները բերման էին ենթարկել 38 ակտիվիստների, այդ թվում՝ Շանթ Հարությունյանին եւ նրա որդուն։ Բախումների հետեւանքով տուժել էր 16 մարդ, այդ թվում ութ ոստիկան: Այս գործով մեղադրանք էր առաջադրվել 14 քաղաքացիների, այդ թվում Շանթ Հարությունյանին եւ նրա անչափահաս որդուն: Շանթ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով (զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ խուլիգանությանը):





























