News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 09
Տեսնել լրահոսը


Ազատամարտիկ Վարդան Վարդանյանը վրեժ է լուծելու ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանից՝ ոստիկանության բաժնում իրեն հարվածելու եւ նրա համար, որ թույլ է տվել ոստիկանության աշխատակիցներին իր համազգեստից շքանշան գողանալ:Այս մասին այսօր՝ օգոստոսի 15-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ  համայնքների ընդհանուր իրավասության դատարանում, նոյեմբերի 5-ին ձերբակալված Շանթ Հարությունյանի եւ նրա ընկերների գործով դատական նիստին իր ցուցմունքում հայտարարեց Վարդան Վարդանյանը:

«Ոստիկանապետը անձամբ ինձ պատասխան ա տալու, կամ էլ իրա երեխեքն են իմ երեխեքին պատասխան տալու, կամ իրա թոռներն եմ իմ թոռներին պատասխանտալու: Ես  արյան վրեժ եմ դրել, ինքը չգիտի, թե ում հետ գործ ունի: Ասում եմ, որ վախով ման գա: Որ կռիշից քար ընգնի գլխին, մեռնելուց ասի կարող ա Վարդանի արածն էր»,- հայտարարեց Վարդան Վարդանյանը:

Ազատամարտիկը շնորհակալություն հայտնեց Շանթ Հարությունյանին, իր կյանքը կործանելու համար. «Սաղ կյանքս կործանեց, ինչի համար շատ շնորհակալ եմ, ես նորմալ ընտանիքում եմ մեծացել, գրքեր եմ կարդացել ու ես հասկացա, որ ոչ պիտանի գրքեր եմ կարդացել իրականում, ամենակարեւորը չէի կարդացել՝ մեր հայոց պատմությունը, որը մատուցվել է կեղծարարությամբ։ Մենք հասկացանք, որ սխալ ենք դաստիարակվել, սոցիալիստական գաղափախոսությունը սխալ է, եթե ճիշտ էլ է, ուրեմն մերը չէ։ Ես երջանիկ եմ, որ սենց ընկերներ ունեմ»։

Վարդան Վարդանյանի խոսքով՝ իրեն սխալ մեղադրանք է առաջադրվել:

«Ինչում, որ մեզ մեղադրում են սուտ է, մենք չկարացանք նորմալ կազմակերպված մի բան անենք, մեզ թվում էր՝ խաղաղ երթ է լինելու: Օսիպյանը վիրավորված կեցվածք ընդունեց, բայց ավելի շատ մենք պիտի իրանից վիրավորված լինենք: Մենք վստահել ենք իրան՝ մտածել ենք, որ եթե իր վրա պատասխանատվություն ա վերցնում ու ասում՝ ձեր հետ եմ, պրովոկացիա չի լինելու, ուրմեն տենց էլ կլինի»,- ասաց ազատամարտիկը:

Նշենք, որ այսօր ազատամարտիկ Վարդան Վարդանյանը դատարանում հայտարարել էր, որ ոստիկանության բաժնում իրեն հարվածել է Վլադիմիր Գասպարյանը, իսկ ոստիկանության ուրիշ աշխատակիցներ վերցրել են իր շքանշաններից մեկը:

Հիշեցնենք, որ Շանթ Հարությունյանը 2013թ. նոյեմբերի 5-ին, իր մոտ հարյուր աջակիցների հետ Գայ Ֆոքսի դիմակներով «Անոնիմուսների երթ» էր սկսել դեպի նախագահի նստավայր։ Սակայն ոստիկանները Մաշտոցի պողոտայում կասեցրել էին երթը, տեղի էին ունեցել բախումներ, հնչել էին պայթյուններ, ոստիկանները բերման էին ենթարկել 38 ակտիվիստների, այդ թվում՝ Շանթ Հարությունյանին եւ նրա որդուն։ Բախումների հետեւանքով տուժել էր 16 մարդ, այդ թվում ութ ոստիկան: Այս գործով մեղադրանք էր առաջադրվել 14 քաղաքացիների, այդ թվում Շանթ Հարությունյանին եւ նրա անչափահաս որդուն: Շանթ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով (զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ խուլիգանությանը):

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ