Հայաստանից Ռուսաստան մեկնող ուղեւորատար ավտոբուսը Ապարան քաղաքի մոտ օգոստոսի 15-ի երեկոյան փչացել է, որից հետո 53 ուղեւոր 15 ժամ մնացել է ավտոբուսի մեջ, այդ թվում 10-ից ավելի երեխաներ եւ հղի կանայք: (ֆոտոռեպորտաժ)

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ՌԴ մեկնող քաղաքացիները պատմեցին, որ ավտոբուսն օդափոխիչ համակարգ չի ունեցել եւ ի սկզբանե եղել է անսարք վիճակում:

«Մենք հլը տղամարկանցով դիմանում էինք, բայց էդ պուճուր երեխաները, հղի կինը չէին դիմանում, ու հիմա մեզ ոչ մեկը չի ուզում պատասխանի: Ոչ փողերն են վերադարձնում, ոչ էլ ասում են, թե մենք երբ կմեկնենք: Ի՞նչ անենք՝ փողերը թողնենք, գնանք: Մեծ մասը մարզերից ենք: Բացի դրանից՝ Ռուսաստանի քաղաքացիներ էլ կան, ոչ մեկս Երեւանում բարեկամ, ծանոթ չունենք»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց ուղեւորներից Էդուարդ Դիլանյանը:

Այս պահին ուղեւորները հավաքվել են Phoenix Trans կազմակերպության գրասենյակի մոտ, սակայն ղեկավարությունից դեռ ոչ մեկը չի մոտեցել 15 ժամից ավելի դրսում մնացած մարդկանց:

NEWS.am-ի թղթակիցը փորձեց պարզաբանում ստանալ ընկերության աշխատակիցներից, սակայն նրանք շատ կոպիտ պատասխանեցին. «Մենք չգիտենք, թե ինչ է լինելու էս մարդկանց հետ: Տնօրենը գա, իրեն կհարցնեք»:

Նշենք, որ ուղեւորատար ավտոբուսը պետք է շարժվեր օգոստոսի 15-ին ժամը 18:00-ին, սակայն Երեւանից դուրս է եկել միայն 20:15-ին: